«Արմավիա» ավիափոխադրողը մարտի 29-ին հայտարարեց, որ ապրիլի 1-ից դադարեցնում է թռիչքները և նախաձեռնում սնանկացման գործընթաց։ Ընկերությունը, սակայն, առայսօր չի դիմել դատարան՝ իրեն սնանկ ճանաչելու մասին դիմումով։ Գործընթացի ձգձգման պայմաններում դատարան դիմել է կառավարությունը՝ ընկերությունից պահանջելով մարել «օդի տուրքի» գծով կուտակած Դ7 մլրդ-ի հարկային պարտավորությունները։
Մայիսի 22-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ), օդի հարկի գանձումների հետ կապված «Արմավիա» ընկերության դեմ դատական հայց է ներկայացրել: Ըստ նախարարի՝ «Արմավիան» պարտք է նաև այլ կազմակերպությունների, որոնք նույնպես դատական հայցեր են ներկայացրել ընկերության դեմ: Ըստ Դավիթ Սարգսյանի՝ պետության հետ պարտավորությունների վերջնահաշվարկ դեռ չի կատարվել։
Ֆինանսների նախարարի երեկվա հայտարարությունն ուշագրավ է այնքանով, որ ՊԵԿ-ի Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունը վարչական դատարան է դիմել այս տարվա ապրիլի 12-ին, դատարանի կողմից դիմումը վարույթ է ընդունվել ապրիլի 19-ին, դատաքննությունը (նախնական դատական նիստը) նշանակվել է մայիսի 27-ին։
Նախարարը չնշեց պահանջվող գումարի կոնկրետ չափ, ինչն ամենայն հավանականությամբ պայմանավորված է նրանով, որ «Արմավիան» «օդի տուրքի» գծով պարտքերը կուտակել է դեռ 2010-ից։ Սակայն ՊԵԿ-ը դատարան ներկայացրած հայցով պահանջել է «Արմավիայից» բռնագանձել Դ7 մլրդ։
Ուշագրավ է, որ «Արմավիան» ապրիլի 25-ին Հանրային խորհրդի քննարկմանը ներկայացրած «Ավիափոխադրումների ոլորտի «առողջացման» և «Արմավիա» ընկերության գործունեության վերականգնմանն ուղղված նվազագույն առաջնային պայմաններ» անվանումով փաստաթղթում նշել էր, որ 2010-2012 թթ. համար օդի պետական տուրքի գծով պարտք է մոտ Դ21,5 մլրդ, որից Դ5,5 մլրդ-ը՝ հիմնական գումար, իսկ Դ16 մլրդ-ը՝ տույժեր։ Ավիաընկերության ընդհանուր պարտքը պետբյուջեին, ըստ նույն փաստաթղթի՝ կազմում է Դ24,3 մլրդ։
Հասկանալի է, որ ավիաընկերությունը նույնիսկ դատարանի որոշումից հետո չի կարողանալու կատարել հարկային պարտավորությունները և ըստ էության՝ սնանկ է ճանաչվելու։ Խնդրահարույց է, սակայն, այն, թե ինչպես է ստացվել, որ կառավարությունը՝ ի դեմս ՊԵԿ-ի, մինչ այդ չի գանձել «օդի տուրքը»։ Կառավարության 2008թ. ընդունած որոշման համաձայն՝ Հայաստանից օդային փոխադրամիջոցներով մեկնելիս գանձվող Դ10 հազ. օդի տուրքը 2009թ. մարտի վերջից ներառվել է ավիատոմսի գնի մեջ։ Հավաքագրվող գումարները պետբյուջե պարտավորվում էին փոխանցել ավիաընկերությունները։
Միայն Հայաստանում «Արմավիայի» պարտքը կազմում է ավելի քան $100 մլն։ Այսպես՝ ըստ Կենտրոնական բանկի վիճակագրական տվյալների՝ օդային տրանսպորտի գործունեության ոլորտին հայաստանյան բանկերի կողմից տրամադրած վարկերի պորտֆելի ծավալն ընթացիկ տարվա մարտի վերջին կազմել է Դ17 մլրդ (մոտ $42 մլն)։ «Արմավիայի» պարտքը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանին կազմում է ավելի քան $5 մլն։
Մինչ այս «Արմավիայի» դեմ դատական հայցեր են ներկայացրել ռուսական «ՎՏԲ բանկը» (պահանջել է մոտ $2,7 մլն), «ՎՏԲ Հայաստան բանկը» ($50 հազ.), «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոնը» (Դ108 մլն), «Հայինկասացիան» (Դ470 հազ.)։
Լուսանկարը` Ֆոտոլուրի