24 մայիս, 2013 14:57

Լիբանանի հյուսիսում բախումների հետևանքով 22 մարդ զոհվել է

Մայիսի 23-ին Լիբանանի Տրիպոլի քաղաքի փողոցներում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 9 մարդ: Ընդհանուր առմամբ, շաբաթվա սկզբից բախումներին զոհ է դարձել 22, վիրավորվել ավելի քան 150 մարդ: Այս մասին հաղորդում է BBC-ն` վկայակոչելով լիբանանյան լրատվամիջոցները:

Լիբանանի փոխվարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին անձամբ է միջամտել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների և հակառակորդների բանակցային գործընթացին: Միքաթին կոչ է արել նրանց համագործակցել լիբանանյան բանակի հետ, որը պատասխանատու է Տրիպոլիում անվտանգության և խաղաղության վերականգնման համար:

«Բանականությունը, ի վերջո, պետք է գերակայի, իսկ անիմաստ բախումները, որոնք սպառնում են տարածվել Լիբանանի ամբողջ տարածքում, պետք է անմիջապես դադարեցվեն»,- հայտարարել է Նաջիբ Միքաթին:

Վերջինս ընդգծել է նաև բանակային անցակետերի վրա հարձակումների անընդունելիության  մասին: Միաժամանակ գիշերը տեղեկություններ են տարածվել, թե զինյալները կրկին կրակ են բացել Լիբանանի հյուսիսի զորամասերի վրա:

Ալաուիներից բաղկացած պրոսիրիական Արաբական Ժողովրդավարական կուսակցությունը հինգշաբթի՝ մայիսի 23-ին, կոնֆլիկտի շարունակման մեջ մեղադրել էր Սիրիայում կառավարական զորքերի դեմ հակամարտող և ապստամբներին աջակցություն ցուցաբերող սուննիական տարբեր խմբավորումների զինված իսլամիստներին: