Յուջինի 50 հայերը

Աշխարհի ամեն ծայրում էլ հայ կա։ Այս արտահայտությունը չափազանցված չէ։ ԱՄՆ-ի մի շարք նահանգներում հայկական ստվար համայնքներ կան. Օրեգոնում մի փոքր այլ է։

Նահանգի երկրորդ խոշոր քաղաքում՝ Յուջինում, հայերը շատ չեն՝ մոտ 50 հոգի։ Նրանք հիմնականում 1915թ. Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդներն են։ Շատերը հայերեն արդեն չեն խոսում, նրանցից ոմանք ամուսնացել են այլ ազգի ներկայացուցիչների հետ։ Ժամանակի խնդիրը պարզապես ապրելն է եղել։

Յուջինում ապրող հայերի առաջին սերունդը կարծես երկու զուգահեռ կյանքով է ապրել. մեկը՝ ժամանակի հետ հարմարվելով, մյուսը՝ հիշողություններով և հույսով, որ մի օր իրենց ինքնությունը կկարողանա լիարժեք ներկայացնել։ Օրեգոնում ամեն ամիս նրանք խնջույք են կազմակերպում հայկական ուտեստներով լի մեծ սեղանի շուրջ։ Այստեղ նրանք կիսում են հացը, պատմությունն ու մշակույթը, որը չեն ցանկանում կորցնել։ «Յուջինի խմբի հայերը»՝ այսպես են նրանք իրենց անվանում։

Խմբի նախաձեռնողներից է նկարչուհի Անետե Գյուրջյանը, որը հետաքրքիր ուղությամբ է ստեղծագործում: Նա նկարում է լուսնակարներով: Անետեն Հայոց ցեղասպանությանը նվիրված մի ամբողջ շարք ունի: Նա ամեն հնարավորություն օգտագործում է ինչպես իր անձնական, այնպես էլ մյուսների պատմությունները ներկայացնելու համար։ Յուջինի համալսարանում կազմակերպել է բազմաթիվ ցուցադրություններ՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին և կորցրած հայրենիքին։

Յուջինում ապրող բոլոր հայերն էլ նշանավոր են կամ ունեն իրենց սեփական գործը։ Օրինակ՝ Յուջինի համերգային երգչախմբի և Վոկալային արվեստի միության գեղարվեստական և գործադիր տնօրենը հայազգի Դայան Րեթալլաչն է։ Հենց նրա երգչախմբում է երգում մեկ այլ հայուհի՝ Անյան: Նա Յուջին եկած «նոր հայերից» է, մոտ երեք տարի է, որ այստեղ է: Յուջին է եկել Հայաստանից, թեև ծնվել է Պարսկաստանում: Վեց տարի ապրել է Հայաստանում, ամուսնացել այստեղ, հետո ընտանիքը որոշել է միանալ ամուսնու եղբորը և մեկնել ԱՄՆ։

Անյան ասում է, որ Յուջինի հայերը սրճարանների կամ ռեստորանների սեփականատերեր են, որտեղ հիմնականում հայկական կերակրատեսակներ են մատուցվում: Անյան՝ ինքը, սպասարկման ոլորտում է աշխատում, ինչը, ըստ նրա, լավ առիթ է հաճախորդներին Հայաստանի պատմության մասին գրքեր առաջարկելու համար։

Անյայի հետ սարոյանական պատմություններ էլ են պատահում: Դրանցից մեկը, օրինակ, իր աշխատավայրում է պատահել։ Մի անգամ, երբ ստուգող սարքն իր մատնահետքը դժվար է կարդացել, աշխատակիցներից մեկը կատակել է, թե այն հայերեն չի կարդում։ Հաճախորդներից մեկն էլ ուրախացած արձագանքել է՝ հա՞յ ես…

«Մենք դանդաղ ընտելանում ենք, սովորում ամենին, ինչ կա, հետո ժամանակ է անցնում, ու ասես քնից արթնանում ես ու տխրում…»,– ասում է նա։

Անյան երկար պատմում է Հակոբ Կարապենցի «Ուր պիտի թաղվենք» վեպի մասին, հետո էլ բացատրում, որ գոնե այս կերպ փորձում է պահպանել հայկականությունն իր տան պատերի ներսում։ Նրա ծրագրերից է Յուջինի պետական համալսարանում հայոց պատմության մասին խոսելը, ինչպես նաև Յուջինի հայերին Հայաստան հրավիրելը։

Յուջինում լավաշ չեն վաճառում: Փոխարենը՝ արաբական հաց կա, որի վրա հայկական տառերով գրված է՝ Արաբական հաց։ Հիմա արդեն լավաշի համով չիպսեր կան, և հայերն անպայման հենց դրանցից են գնում։ Հայկական լավաշ-չիպսով, հայկական գինով ու հայկական պանիր հիշեցնող պանրով սեղանի շուրջ նստած՝ Յուջինի հայերը պատմում են իրենց պատմությունները, որ հետո՝ առավոտյան, անցնեն իրենց առօրյա աշխատանքին՝ հանգիստ ու գոհ, որ նախորդ օրը գոնե մի քանի ժամ հայերեն են խոսել։ 

Անժելա Ֆրանգյան,
Մարիա Հովսեփյան

Մեկնաբանել