28 մայիս, 2013 15:33

ԱՄՆ ռազմական գաղտնի փաստաթղթերը` չինացի հաքերների թիրախ. Washington Post

Աշխարհի խոշորագույն երկրների կառավարությունների դեմ իսկական կիբերպատերազմ վարող չինացի հաքերները գողացել են ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության հիմքը հանդիսացող ամերիկյան նորագույն մշակումների վերաբերյալ գաղտնի տեղեկություններ, հաղորդում է Washington Post-ը` հղում  այդ անելով երկրի պաշտպանության նախարարության գիտական խորհրդի զեկույցին: Մոտակա ժամանակում այդ փաստաթղթին կծանոթանան նաև կառավարության անդամները: 

Զեկույցի հեղինակները մտավախություն են հայտնել, որ Պեկինը կօգտագործի գողացված տվյալները իր ռազմական ներուժը հզորացնելու համար: Տեքստում թվարկվում են այն նախագծերը, որոնք հարձակման արդյունքում կորցրել են իրենց գաղտնիությունը: Նրանց թվում` F-18 կործանիչը, Black Hawk ուղղաթիռը, մի քանի ռազմանավեր, THAAD հակահրթիռային համալիրը, Aegis հակահրթիռային պաշտպանության համակարգը: Ըստ պարբերականի` «ամենաթանկ» արտահոսքը 1,4 տրլն դոլար արժողությամբ F-35 կործանիչի մասին տեղեկությունն էր: 

Գիտական խորհրդի ներկայացուցիչները տեղի ունեցածի համար ուղղակիորեն չեն մեղադրել հաքերներին, այդուհանդերձ, ակնարկել են, որ հարձակումները կատարվել են Չինաստանի տարածքից: Հայտնի չէ, թե երբ են տեղի ունեցել հարձակումները, ինչպես նաև այն, թե արդյոք մշակումները գողացվել են ամբողջությամբ կամ մասամբ: