28 մայիս, 2013 17:23

Լոնդոնում շարունակվում են հակաիսլամիստների ակցիաները

Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է Մեծ Բրիտանիայի իսլամականացման դեմ ակցիաներին մասնակցող 13 անձանց, հաղորդում է BBC-ն:  Բողոքի ելույթները, որոնք կազմակերպում են երկրի ծայրահեղ աջ կազմակերպությունները, մասնավորապես` Անգլիայի պաշտպանության լիգան, Լոնդոնում անց են կացվում գրեթե ամեն օր այն  բանից հետո, երբ մայիսի 22-ին բրիտանական մայրաքաղաքում իսլամիստները դաժանաբար սպանել են զինծառայող Լի Ռիգբիին: Սպանությունը հայտարարվել է քաղաքական և որակվել ահաբեկչություն: 

Նմանատիպ ակցիաներից մեկն անցել է մայիսի 27-ին Լոնդոնում: Երկրում միգրանտների թվի ահագնացող աճի և իսլամի տարածման դեմ բողոքողները կառավարությունից պահանջել են «փողոցներից հեռացնել մուսուլման մարդասպաններին» և վարչապետին մեղադրել երկիրը կառավարելու անկարողության մեջ: Ընդ որում` հակաիսլամիստներից ոչ հեռու իրենց ակցիան էին անցկացնում հակածայրահեղականները: Ցույցը վերաճել է բախման երկու կողմերի միջև, իրավիճակը կարգավորվել է ոստիկանության միջամտությամբ:   

«Լոնդոնում բողոքի ակցիաների ընթացքում ընդհանուր առմամբ ձերբակալվել է 13 մարդ», - հաղորդել է Sky News հեռուստաալիքը` հղում անելով իր աղբյուրներին: Հեռուստաալիքը չի հստակեցրել ձերբակալությունների հանգամանքների և բերման ենթարկված անձանց ներկայացված մեղադրանքների մասին տեղեկությունները: 

Մայիսի 28-ին Անգլիայի պաշտպանության լիգան հայտարարել է, որ չի հրաժարվի հակաիսլամական ելույթներից և ի պատասխան «արաբական գարնան»` կանցկացնի «անգլիական գարուն»:

 Մայիսի 22-ին Լոնդոնում` Վուլիչյան զորանոցների տարածքում, դաժանաբար սպանվել է բրիտանացի զինծառայող Լի Ռիգբին: Ականատեսների խոսքով` մարդասպանները զինված էին կացիններով ու դանակներով և բացականչում էին`«Ալլահ աքբար»: Եկրի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն անմիջապես արձագանքել է Ռիգբիի սպանությանը` այն որակելով ահաբեկչություն: