Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ, հաղորդում են Մայր աթոռի դիվանից: Ուղերձը ներկայացված է ստորև:

Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում բարեպաշտ մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով:

Հայաստանի Հանրապետության հռչակումը մայիսյան հերոսամարտերից հետո, արգասիքն էր մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու բաղձանքի և հայրենի պետականության վերականգնման համար դարավոր մաքառումների ու պայքարի: Հանրապետության տոնը քաջալերության, միասնության և համախմբումի խորհուրդն ունի, որ պիտի առաջնորդի մեզ դեպի նոր հաղթանակներ և զորացնի մեր ժողովրդին` ամբողջական նվիրումով ծաղկուն դարձնելու հայրենի մեր երկիրը և իրագործելու մեր նախնյաց տեսիլքներն ու լուսավոր հույսերը:

Այսօր, ինչպես մայիսյան հերոսամարտի օրերին, մեր սրտերում թող հնչեն հայոց եկեղեցիների զանգերը` կոչելով ամենքիս աստվածպաշտության, հայրենանվեր ծառայության, եղբայրասիրությամբ ազնիվ ու քաջարի գործերի:

Փրկչի Իջման Սուրբ Սեղանի առջև աղոթում ենք, որ Աստված խաղաղության մեջ պահի Հայոց մեր երկիրը և իր առատ շնորհներով բարեզարդի հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր զավակների կյանքը այսօր և հավիտյան

Մեկնաբանել