«Հետք»-ի հրապարակման կապակցությամբ Տ.Սարգսյանը դիմելու է դատախազություն

«Հետք»-ի հրապարակմանն արձագանքելով՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի քարտուղար Հարութ Բերբերյանը նշել է, որ վարչապետը պատրաստվում է դիմել դատախազություն՝ «մեղավորներին պատժելու նպատակով»:

Ստորև ներկայացնում ենք «Հետքի» էլեկտրոնային հասցեով Հարութ Բերբերյանից ստացված գրությունը hetq.am-ում այսօր հրապարակված «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածի կապակցությամբ:

«Հարգելի պարոն Բաղդասարյան,

Այսօր hetq.am կայքում հրապարակված «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածի վերաբերյալ հայտնում եմ հետևյալը.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը որևէ առընչություն չունի այդ կազմակերպության հետ, ավելին, երբևէ անձամբ, կամ այլ լիազորված մարդու միջոցով չի գրանցել որևէ կազմակերպություն Կիպրոսում կամ աշխարհի որևէ այլ օֆշորում: Բազմաթիվ են փորձերը վարչապետի անունը կապել այս կամ այն բիզնեսի հետ: Հավաստիացնում ենք, դրանք ամբողջությամբ հերյուրանք են: Տիգրան Սարգսյանի սեփականության, ֆինանսական միջոցների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ներկայացված է վարչապետի հայտարարագրում:

Ձեր կողմից ներկայացված այսպես կոչված փաստաթուղթը կեղծիք է, ինչի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատրաստվում է դիմել դատախազություն, դրան իրավական գնահատական տալու և մեղավորներին պատժելու նպատակով:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ կեղծիքը առանձնապես հաջողված չէ, քանի որ վարչապետի գրանցման հասցեն սխալ է գրված»:

Հրապարակելով նամակը՝ «Հետք»-ը նշել է. «Վարչապետին խորհուրդ ենք տալիս նախ նայել Կիպրոսի ընկերությունների ռեգիստրի կայքը, հավաստիանալ այդ տեղեկատվության իսկության մեջ, ուսումնասիրել այդ ընկերությանը Հայաստանից կատարված բանկային փոխանցումները և այդ ընկերությունից Հայաստան կատարված փոխանցումները, ապա դիմել Կիպրոսի իշխանություններին՝ այդ «դավադրությունը» բացահայտելու համար, և նոր դիմել ՀՀ դատախազություն: Հուսով ենք, որ դատախազությունը մեր հրապարակումը կընդունի որպես հաղորդում հանցագործության մասին: Իսկ թե ինչու է վարչապետի բնակարանի համարը սխալ գրվել՝ վարչապետը կարող է պարզել ընկերության գրանցումը կատարած անձից: Վարչապետին հավաստիացնում ենք, որ երբեք կեղծիքների չենք դիմում»:

Լուսանկարային համակցումը՝ Hetq.am-ի

Մեկնաբանել