ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը դատապարտում է Դամասկոսին

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը ընդունել է բանաձև, որով քննադատում է նախագահ Բաշար ալ Ասադի կողմից օտարերկրյա վարձկանների օգտագործումը մարտական գործողություններում։ Փաստաթուղթը պատրաստել էին ԱՄՆ-ը, Թուրքիան և Կատարը, այն ստացել է Խորհրդի անդամ պետություններից 36-ի աջակցությունը, հաղորդում է Euronews-ը։

Խոսքը շիական «Հեզբոլլահ» շարժման մարտական ձևավորումների մասին է, սակայն բանաձևում այս մասին ուղղակիրորեն չի ասվում։

Ժնևում սիրիական պատվիրակության ներկայացուցիչ Թամիմ Մադանին այս որոշումը «երեսպաշտություն» է անվանել։

«Մենք սա երեսպաշտություն ենք համարում, երբ ինքը՝ դահիճը, բավական չէ՝ իրեն զոհ է հայտարարում, մի բան էլ իրեն դատավոր է հռչակում»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ սիրիական ճգնաժամը շարունակվում է 2011թ․ մարտից։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է մոտ 80 հազ․ մարդ։

Մեկնաբանել