31 մայիս, 2013 11:54

Մամուլի անհետևանք հրապարակումներ

Հայաստանում բնականոն է դարձել, երբ բարձրաստիճան չինովնիկների վերաբերյալ մամուլի սենսացիոն բացահայտումները, որոնք հաճախ հանցագործության մասին տեղեկատվություն են պարունակում, մնում են անհետևանք:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում առնվազն մամուլի երեք հրապարակում է եղել, որոնք ենթադրում են լուրջ իրավական և քաղաքական հետևանքներ:

Նախ՝ մարտին լույս տեսավ փարիզյան Nouvelles d’Arménie հանդեսի հետաքննական հոդվածը, որը 2007թ. ընտրությունների նախօրեին կեղծ հարցումներ հրապարակելու և այլնի միջոցով Սերժ Սարգսյանի վարկանիշը բարձրացնելու ամերիկյան տխրահռչակ մի PR ընկերության վճարված անհայտ ծագմամբ հարյուր հազարավոր դոլարների մասին էր: Որևէ իրավական երկրում կսկսվեր կա՛մ լրատվամիջոցի դեմ դատական գործընթաց, կա՛մ նախագահի պաշտոնանկության գործընթաց: Ավելին՝ նախագահականի կողմից անմիջականորեն և ոչ անմիջականորեն վերահսկվող լրատվամիջոցները մեկ բառ անգամ չխոսեցին պետական սկանդալի հավասար այդ հրապարակման մասին:

Երկրորդը վերաբերում է Հայաստան ներկրվող ռուսական գազի գնին: 2012թ. ամբողջ ընթացքում և 2013թ. Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահը, վարչապետը և էներգետիկայի նախարարը, հայտարարում էին, որ Հայաստան ներկրվող ռուսական գազը չի թանկացել, մինչդեռ Մաքսային ծառայության հրապարակած տվյալները հակառակն էին փաստում: Մեկ տարվա ընթացքում երեք խոշոր ընտրություններից հետո իշխանությունները հայտարարեցին, որ գազն արդեն ապրիլից թանկացել է (Մաքսայինի տվյալներով՝ ավելի վաղ էր թանկացել):

Երրորդ հրապարակումը, որը նույնպես կարող է մնալ անհետևանք, Hetq.am-ի կողմից վարչապետ Տիգրան Սարգսյանին առնչվող սենսացիոն հետաքննական հոդվածն է, որտեղ վարչապետը փաստացի մեղադրվում է օֆշորային գոտիներում կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավված լինելու համար: Վարչապետի մամուլի խոսնակը հայտարարել է, որ դիմելու են դատախազություն:

Նորմալ ժողովրդավարական երկրներում իրավապահ մարմինների համար մամուլի նման հրապարակումներն ինքնին բավարար հիմք կլինեին իրավական գործընթաց սկսելու համար: Հայաստանում փորձ է արվում այս իրողությունները հնարավորինս լուսանցք մղել և մոռացության տալ:

Փաստացի նման վարքագծով Հայաստանի իշխանությունները հասարակությանը փորձում են պարտադրել բնականոն համարել իրենց ապօրինի և հակապետական վարքագիծը:  

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: