Զբոսաշրջությունն աճել է 22,9%-ով

Ազգային վիճակագրական ծառայությունն արձանագրել է, որ 2013թ. հունվար-մարտին հանրապետություն ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 22,9%-ով` կազմելով 128,2 հազ.։ ԱՎԾ-ի տվյալների համաձայն` առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների 38%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 27,3%-ը` ԵՄ երկրներին և 34,7%-ը` այլ երկրներին:

Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդամենը 15,8%-ն են կացություն հաստատել հյուրանոցներում և հանգստյան տներում, մնացած մասը` 84,2%-ը, մնացել է բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում։ Հասկանալի է, որ զբոսաշրջիկների հաշվարկման մեթոդոլոգիան այնպիսին է, որ բարեկամներին տեսնելու նպատակով ժամանածները մեխանիկորեն համարվում են զբոսաշրջիկ։

Ըստ մեթոդոլոգիայի` զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր` ոչ պակաս, քան 24 ժամ և ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով։

Այն, որ Հայաստան այցելած զբոսաշրջիկների հիմնական մասը ժամանել է հարազատներին տեսակցելու նպատակով, վկայում է, որ ԱՊՀ երկրներից այցելուների թվի կրկնապատկումը, մասնավորապես` Ռուսաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 85%-ով, Ուկրաինայից՝ 30,6%-ով։ Միաժամանակ` ԵՄ երկրներից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 5,3%-ով, իսկ այլ երկրներից` 25,8%-ով։ 2013թ. առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 10,1 հազ. իրանցի, այն դեպքում, երբ անցած տարի նույն ժամանակահատվածում իրանցի այցելուների թիվը 15,44 հազ. էր։

Մեկնաբանել