ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանը արգելափակել է Սիրիային վերաբերող հայտարարությունը

Շաբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ռուսական կողմն արգելափակել է Սիրիայի դեպքերի վերաբերյալ հայտարարությունը, փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ Մասնավորապես՝ հայտարարությունը քննադատում է սիրիական Էլ Քուսեյր քաղաքում կառավարական զորքի և նրան աջակցող լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման մարտական գործողությունները:

ՄԱԿ-ի ԱԽ-ում Մեծ Բրիտանիայի տարածած հայտարարությունը լուրջ մտահոգություն է հայտնում Էլ Քուսեյրում տիրող իրավիճակի և քաղաքացիական բնակչության համար մարտական գործողությունների բացասական հետևանքների կապակցությամբ։

Ռուսական կողմի ներկայացուցիչն իր դիրքորոշումը բացատրել է այն հանգամանքով, որ խորհրդի կողմից ոչ մի ռեակցիա չեղավ, երբ ավելի վաղ սիրիական ընդդիմությունը գրավեց քաղաքը։ Նա նաև ընդգծել է, որ սիրիական խնդիրը լուծելու լավագույն միջոցը դիվանագիտությունն է։

Ռուսական կողմի հայտարարությունը նաև կոչ է անում կառավարական զորքին և «Հըզբոլլահին» խուսափել գործողություններից, որոնք վտանգում են խաղաղ բնակիչների կյանքը:

Նույն օրը ամերիկյան նախաձեռնությամբ կայացել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հեռախոսազրույցը։ Նրանք քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիները, այդ թվում՝ խնդրին նվիրված միջազգային համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Կայացել է նաև կարծիքների փոխանակում տարբեր ձևաչափերով երկկողմ քաղաքական շփումների գրաֆիկի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել