Ամեն տեղ Թաքսիմ է. քննարկում

Ես այնտեղ եմ մեծացել. Գեզի այգու տեղում 900 հազ. քմ տարածքով հայկական գերեզմանատուն էր. «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում նշեց քաղաքացիական ակտիվիստ Սարգիս Հացպանյանը՝ թուրքագետ Արտակ Շաքարյանի հետ քննարկելով Թուրքիայում վերջին օրերին տարածվող քաղաքացիական շարժումը: «Շարժումը սպասելի էր, որովհետև վերջին տարիներին շատ հստակ դրվեց՝ կամ Թուրքիան քաղաքակիրթ տարբերակը պիտի ընտրեր, կամ իսլամի կարծր ճանապարհը: Էրդողանն ընտրեց երկրորդը»,- նշեց Հացպանյանը:

Արտակ Շաքարյանը հիշեցրեց, որ քաղաքացիական այս շարժումը սկսվեց ընդամենը չորս հոգուց, սակայն հետո, օգտվելով այդ մթնոլորտից, միացան մարդիկ, ովքեր դժգոհ էին Էրդողանի վերջին շրջանի քաղաքականությունից: Ըստ նրա՝ այստեղ էական դեր են ունեցել վերջին շրջանի պրոիսլամական հրամանագրերը՝ թուրք ուղեկցորդուհիներին կարմիր շրթներկ գործածելու, ոգելից խմիչք վաճառելու արգելքները և այլն: «Սա սոցիալական բունտ է, որը ազգայնականները ցանկանում են տանել իրենց ուղղությամբ»,- նշեց նա:

«Երեկվանից այսպիսի մի բան կա՝ ամեն տեղ Թաքսիմ է: Թուրքիայի Հանրապետության ամենեն մեծ երակները ոտքի են ելել: Եվ այսօր պիտի որոշվի էրդողանի ճակատագիրը: Ուզում են, որ արհմիությունները միանան. եթե արհմիությունները միանան, Էրդողանը քսանչորս ժամ չի դիմանա»,- նշեց Հացպանյանը:

Շաքարյանը նշեց, որ բավական մեծ նշանակություն է ունեցել Twitter սոցիալական ցանցը. «ամենապասիվ պահին մոտ երեք հազար թվիթ է եղել, որով երկրի տարբեր կողմերում երիտասարդները իրար հետ կապ են պահել»: Հացպանյանը հավելեց, որ բոլոր ակտիվ միջոցառումները Livestream-ով հեռարձակվում են, ֆեյսբուքյան գրառումներով համախմբվել են բժիշկները՝ իրենց օգնությունն անվճար տրամադրելով իրենց տուժած հայրենակիցներին:

Թուրքագետի դիտարկմամբ՝ Էրդողանը վստահ է, որ ցուցարարները այն մարդիկ են, ովքեր չեն ընտրել իրեն, իսկ իրեն հավատարիմ են մնում իսլամին հավատարիմները: «Բայց դա սխալ է, քանի որ Էրդողանին ընդդեմ ազգայնականների ձայն են տալիս նաև քրդերը, նաև հայերը»,- ասաց նա: «Վաղը եթե Թուրքիայում ընտրություն լինի, այս մարդը՝ Էրդողանը, որ դեռ 3-4 օր առաջ նվազագույնը 60 տոկոս ձայն կհավաքեր, հիմա արդեն բոլորովին վստահության քվե չունի,- նշեց Հացպանյանը,- խնդիրն այն է, որ նա, հայերեն խոսք կա, հաբրգեց, իրեն սուլթան կարծեց, մտածում էր, որ ինքն է որ կա: Ինքը երեք օր առաջ հայտարարեց, թե ով ինչ ուզում է ասի, անի, ուզի, իմ ասածն ուժ ունի: 3-4 ժամում, թեպետ նավերը կանգնեցրել էին, որ չփոխադրեն, բայց մարդկային հեղեղ դարձավ դեպի Թաքսիմ. և դա Էրդողանի այդ խոսքի շնորհիվ»:

Սարգիս Հացպանյանը պատմեց ներկայիս այգու տարածքում եղած «Սուրբ Հակոբ» գերեզմանատան պատմությունը: Ըստ որի՝ սուլթան Սուլեյմանը, երկրներ նվաճելով, հասել էր Գերմանիա, և գերմանացիները որոշել էին թունավորել սուլթանին նրա հայազգի գլխավոր խոհարարի օգնությամբ: Խոհարարը, լինելով հավատարիմ մարդ, մերժել է այս առաջարկը, ինչով էլ փրկել է սուլթանի կյանքը: Սուլթանը խոստացել է կատարել նրա ցանկացած պահանջը, և խոհարարը խնդրել է տարածք՝ որպես հայկական գերեզմանատուն: Այսպես էլ սուլթան Սուլեյմանը տրամադրել է «Սուրբ Հակոբ» գերեզմանատան տարածքը: Հետագայում բազմիցս փորձել են խլել այն գերեզմանատունը, ինչը, ի վերջո, հաջողվել է: Ի դեպ, «Սուրբ Հակոբ»-ի մուտքի մոտ է տեղադրվել առաջին՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը, որը 1924թ-ին հանվել է: «Այսօր էլ երիտասարդները նշում են, որ ոչ ոք պետք է անուշադրության մատնի այս տարածքի հայկական լինելը, և 1915-ին մոտալուտ լինելը. հայկական թեման այս շարժումների կիզակետում է գտնվում»,- նշեց Հացպանյանը:

«Շարժումն այս պահին տեր չունի, թեպետ ազգայնականները փորձում են վերցնել այն հսկողության տակ»,- ասաց Շաքարյանը՝ փաստելով, որ ցանկացած այլ ուժի՝ իշխանության գալը հայերին ձեռնտու չէ, և լավագույնը կլինի, որ «Արդարություն և զարգացում»-ը այս շարժման ազդեցությամբ բարեփոխվի ներսից: «Բռնակալի դեմ բարձրացող շարժումը պետք է ողջունել»,- նշեց նա:

«Հայաստանի լրատվամիջոցների դեմ, իրոք, զայրացած եմ, այնքան ուշ անդրադարձան: Հիմա Թուրքիայում կլինեն ակտիվիստներ, կստեղծվեն հանձնաժողովներ՝ փոխհատուցման և այլն, շատ փոփոխություններ են լինելու,- ամփոփեց Հացպանյանը,- ես խնդրում եմ Հայաստանի բոլոր լրատվամիջոցներին այս թեման աչքի կենտրոնում պահել: Հայերի հարցը, պատմական անցյալը Թուրքիային հանգիստ չի տալու»:

Մեկնաբանել