4 հունիս, 2013 08:30

Սուրիկը դրե՛ք պատյան

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվան հետ կապված հերթական հանցագործությունը՝ այս անգամ մահվան ելքով, կրկին մեծ աղմուկ է բարձրացրել: Կրկին հնչում են Սյունիքի օդիոզ մարզպետին պաշտոնանկ անելու և պատժելու կոչեր: Պահանջն ուղղված է բնականաբար բարձրագույն իշխանությանը, որը տարիներ շարունակ հովանավորել, սնել ու ծնել է բազմաթիվ սուրիկխաչատրյանների և լիուլի օգտվել է այդպիսի անձանց ծառայություններից:

Որ Սուրիկ Խաչատրյանը պետք է պատժվի, միանշանակ է: Սյունիքի ամենակարող մարզպետը օրինականության հետ որևէ ընդհանրություն չունեցող բազմաթիվ արարքների համար պետք է վաղուց պատժված լիներ: Սակայն ՀՀ իշխանությունները հետևողականորեն աչք էին փակում, թե ինչպես էր նա ասպատակում Սյունիքի մարզը: Ավելին՝ ասպատակությունների և իշխանություններին մատուցած բազմապիսի ծառայությունների համար նա նույնիսկ պարգևատրվեց «Մարտական խաչով»՝ անձամբ Սերժ Սարգսյանի կողմից:

Սուրիկ Խաչատրյանը ամենաթողության քվոտա ուներ, որովհետև արդյունավետ նպաստում էր իշխանությունների վերարտադրությանն ու պահպանմանը՝ իր տիրապետության տակ գտնվող մարզի կտրվածքով: Սակայն ընտրական ցիկլի ավարտից հետո Սյունիքի մարզպետի ծառայությունները գործնականում այլևս անհրաժեշտ չեն: Իսկ Սուրիկ Խաչատրյանի և նրա շրջապատի «քաջագործությունները» սկսել են մարդկային կյանքեր խլել: Հետևաբար՝ մարդասպանի իմիջով մարզպետի գործունեությունը սկսել է անմիջապես հարվածել Սերժ Սարգսյանի վարկանիշին: Մյուս կողմից, սակայն, գորիսյան սպանությունը հարմար առիթ է «հերթական չարագործին» պատժելու շոուի համար: Այդ շոուի շրջանակում Սյունիքի մարզպետը, վերադասի հետ խորհրդակցելով, ժամանակավորապես վայր է դրել մարզպետի լիազորությունները:

Իրականությունը դառն է, քան ներկայացնում են իշխանությունների փիարշիկները:

Սուրիկ Խաչատրյանի նման բարքերով օդիոզ չինովնիկներ ու իշխանության հովանավորյալներ կան յուրաքանչյուր տարածաշրջանում, և Հայաստանը մեկ շնչին ընկնող օդիոզ գործիչների թվով աշխարհում առաջատար երկրների շարքին կարող է դասվել: Նրանք բարձրագույն իշխանությունների հաստատած խաղի կանոնների հետևանք են, իսկ այդ խաղի կանոնները պահանջում են սուրիկխաչատրյաններ, այլ կերպ համակարգը պարզապես չի կարող գործել: Սուրիկ Խաչատրյանը համակարգի ընդամենը մի մասնիկն է, որի առկայությունը կամ բացակայությունը որևէ էական ազդեցություն չի կարող ունենալ համակարգի որակի վրա:

Ի դեպ՝ լիազորությունները վայր դնելու մասին Սուրիկ Խաչատրյանի հաղորդագրությունը ոճական առումով բավական նման է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը: 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: