Զբոսաշրջություն մեթոդոլոգիայի հաշվին

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների (ԱՎԾ)՝ 2013թ. հունվար-մարտին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 22,9%-ով՝ կազմելով 128,2 հազ.։

Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդամենը 15,8%-ն է հաստատվել հյուրանոցներում և հանգստյան տներում, մնացած մասը (84,2%-ը)՝ բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում։ Համաձայն հաշվարկների մեթոդոլոգիայի՝ ԱՎԾ-ն զբոսաշրջիկ է համարում ցանկացած անձի, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր՝ ոչ պակաս, քան 24 ժամ, և ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով։

Այն, որ զբոսաշրջիկների հիմնական մասը ժամանել է հարազատներին տեսակցելու նպատակով, վկայում է ԱՊՀ երկրներից այցելուների թվի կրկնապատկումը։ Այսպես՝ Ռուսաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 85%-ով, Ուկրաինայից՝ 30,6%-ով։ Մյուս կողմից՝ ԵՄ երկրներից զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 5,3%-ով, այլ երկրներից՝ 25,8%-ով։

2013թ. առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 10,1 հազ. իրանցի, այն դեպքում, երբ անցած տարի նույն ժամանակահատվածում իրանցի զբոսաշրջիկների թիվը 15,44 հազ. էր։

Մեկնաբանել