5 հունիս, 2013 09:00

Խիստ օպերատիվ համակարգ

Հունիսի 3-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով, որպեսզի վերջինս քննության առնի Hetq.am էլեկտրոնային կայքի «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» վերնագրված հրապարակման մեջ տեղ գտած տեղեկատվությունը, ըստ որի՝ վարչապետը Կիպրոսում օֆշորային գոտում գրանցված կազմակերպություններից մեկի բաժնետեր է, իսկ նրա գործընկերներն են Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և գործարար Աշոտ Սուքիասյանը:

Փաստացի Տիգրան Սարգսյանը դատախազություն է դիմում ոչ թե Hetq.am էլեկտրոնային կայքին զրպարտության համար պատասխանատվության ենթարկելու համար, այլ պահանջում է պարզել, թե ով է իր անվան տակ Կիպրոսում օֆշորային ընկերություն գրանցել՝ դրանով անուղղակիորեն հաստատելով, որ իր, Կճոյանի և գործարար Աշոտ Սուքիասյանի անունով օֆշորային ընկերություն կա գրանցված:

Այս համատեքստում ուշագրավ են Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններն ու արձագանքները: Նրանք, մինչև վարչապետի դիմումը ՀՀ գլխավոր դատախազություն փաստացի կրավորական կեցվածք ընդունելով, Hetq.am-ի հրապարակման հետ կապված որևէ գործողություն չեն իրականացրել: Իսկ որ համապատասխան քրեական գործ պետք է հարուցվեր, միանշանակ է, քանի որ հրապարակման մեջ երկրի վարչապետը մեղադրվում է առնվազն ֆինանսական խարդախությունների և «փողերի լվացման» մեջ:

Ժողովրդավարական որևէ երկրում գործող վարչապետի հասցեին հնչեցրած նման մեղադրանքը կհանգեցներ իրավական և քաղաքական հետևանքների: ՀՀ գլխավոր դատախազությունն ու ԱԱԾ-ն մեկ տարի առաջ «խիստ օպերատիվ» «փողերի լվացման» հատկանիշներով «Սիվիլիթաս» հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործ հարուցեցին, երբ որևէ բողոք կամ դժգոհություն, կապված հիմնադրամի ֆինանսական տեղաշարժերի հետ, չկար: Հայ իրավապահների համար խիստ կարևոր էր պաշտպանել «Սիվիլիթաս» հիմնադրամը Վարդան Օսկանյանից և մտահոգվել ամերիկացի Ջոն Հանթսմանի գումարների ճակատագրով, քան պետական բարձրաստիճան չինովնիկների նկատմամբ հրապարակային ներկայացված մեղադրանքի հետքերով գնալը: 

Իրավապահ համակարգից ինքնուրույն վարքագիծ ակնկալելը Հայաստանում միամտություն է: Համակարգը գործում է մեկ կենտրոնից ստացված հրահանգներով և քաղաքական պատվերի շրջանակներում: Սրանով է բացատրվում, որ մի դեպքում, երբ շոշափվում է ընդամենը մեկ հիմնադրամի շահերը, ԱԱԾ-ն և գլխավոր դատախազությունը աշխատում են մեծ խանդավառությամբ, քանի որ պատվեր կա իջեցված, մյուս դեպքում, երբ խոսքը ամբողջ պետության շահերի և վարկանիշի մասին է, համակարգը քար լռություն է պահում, քանի որ գործողություններ սկսելու հրահանգ չկա: 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: