Իլհա՛մ, ես կրկնում եմ քեզ

Հունիսի 5-ին հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթը մեղմ ասած՝ հակասական է: Դժվար է պատկերացնել, որ նա լրջորեն հավատում է Տիգրան Սարգսյանի ներկայացրած «տնտեսական հրաշքին»:

Ուշագրավ է Սերժ Սարգսյանի ելույթի կառուցվածքը, որտեղ հայկական տնտեսությունից սահուն անցում է կատարում դեպի Ադրբեջան: Նա քննադատության է ենթարկում Ալիևի բռնապետությունը՝ այդ ֆոնին Հայաստանը ներկայացնելով որպես ժողովրդավարության կղզյակ: Հասկանալի է, որ Ադրբեջանը Հայաստանի հիմնական հակառակորդն է, որի հետ համեմատվելը արդիական է, բայց բոլորովին հասկանալի չէ Սերժ Սարգսյանի չափանիշը՝ համեմատվելու Ալիևի սուլթանության հետ:

Սերժ Սարգսյանն ասում է. «Ընդդիմախոսների բանտարկելը, ազատ մամուլի գոյության մասին գրեթե տեղյակ չլինելը, հարկադրանքը, ահռելի կոռուպցիան կրկնակի ուժգնությամբ են հիշեցվելու այս երկրում նավթադոլարների նվազմանը զուգընթաց: Չեմ կարծում, թե որևէ մեկը դրանում կասկածում է»: Բայց մի՞թե Սերժ Սարգսյանը մոռանում է, որ բացասական այդ երևույթները Հայաստանում ևս արմատավորված են:

Հայաստանում պետական համակարգում արմատավորված կոռուպցիան կոռոզիայի է ենթարկում պետությունը: Ընդամենը մի քանի տարի առաջ Հայաստանի բանտերը ևս լիքն էին ընդդիմադիրներով, և անհրաժեշտության դեպքում կրկին բանտերը կլցվեն, իսկ մամուլը ազատ է այնքանով, որքանով գործող իշխանությունները դեռ չեն հասցրել ֆինանսական լծակների հաշվին 100-տոկոսանոց վերահսկողություն հաստատել ամբողջ լրատվական դաշտի վրա:

Հատկանշական է, որ Անվտանգության խորհրդի նիստում, պաշտոնական տեղեկատվության համաձայն, չի խոսվել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի զինված բանդայի գործունեության հետևանքների և Տիգրան Սարգսյանի անվան շուրջ կոռուպցիոն սկանդալի մասին, այն պարագայում, երբ ամբողջ ազգն է դրանց մասին խոսում:

Արդյոք պետական անվտանգության խնդիր չէ՞, երբ բարձրաստիճան չինովնիկի տանը հայտնաբերվում է մեծ քանակությամբ զենք-զինամթերք կամ երբ երկրի վարչապետի անվան շուրջ կոռուպցիոն մեծ սկանդալ կա, որը հարվածում է երկրի ներդրումային և ընդհանրապես միջազգային վարկանիշին:

Զավեշտալի է՝ հրավիրել անվտանգության խորհրդի նիստ և գուժել հարևան Ադրբեջանի մոտալուտ վախճանը՝ այդ հարցում ևս նմանվելով Ալիևին, որն ամեն անգամ գուժում է Հայաստանի վախճանը:

Մեկնաբանել