Նոր ճանապարհ ու նոր հարցեր

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը մայիսի 30-ին կայացած ամենամյա նիստում որոշում է կայացրել «Հեռուստամարաթոն-2013»-ի դրամահավաքի միջոցներն ուղղել Վարդենիս-Մարտակերտ 114 կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցմանը: Դա նշանակում է, որ առաջիկա տարիներին մենք կունենանք Հայաստանը Արցախին կապող նոր, երկրորդ որակյալ ճանապարհը, որն անցնելու է Քարվաճառով:

Միանգամից հիշեցնենք, որ արցախյան բանակցային գործընթացում Քարվաճառի հարցը ամենավիճելիներից մեկն է, իսկ 2006թ. Ռամբույեի բանակցություններում, որոնցում անձամբ ներգրավված էր Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ժակ Շիրակը, հակամարտության կողմերը չկարողացան առաջընթաց արձանագրել հենց Քարվաճառի պատճառով: Հայկական կողմը՝ պաշտոնական Երևանը, պնդում էր, որ Քարվաճառը հետ տալու խնդիրը չպետք է կապվի Լեռնային Ղարաբաղում հնարավոր անցկացվելիք հանրաքվեի ժամանակացույցի հետ:

Ռամբույեի բանակցություններից գրեթե երկու տարի անց՝ 2007թ. նոյեմբերի վերջերին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մադրիդում ներկայացրեցին գրավոր նոր առաջարկներ, որոնցում Քարվաճառի հարցը ամենաառանցքայիններից մեկն է: Քանի որ Մադրիդյան փաստաթուղթն այլևս խորհրդապահական չէ, և մասամբ հրապարակվել է մամուլում, ամբողջությամբ ներկայացնեմ այն հատվածը, որը վերաբերում է Քարվաճառին: Հասկանալի պատճառներով այդ փաստաթղթում օգտագործվել է Քելբաջար անունը:

«Հայկական ուժերը դուրս են գալիս նախկին ԼՂԻՄ հարակից բոլոր տարածքներից: Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Սահմանափակ զորամիավորում տեղակայվելու է այն տարածքում, որը որոշելու է Միջազգային անցումային հանձնաժողովը մինչև խաղաղության համաձայնագրի ստորագրումը: Քելբաջարի շրջանի վերահսկողությունը իրականացնելու է Միջազգային անցումային հանձնաժողովը, որը ներառելու է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներ: Հանձնաժողովն իրականացնելու է Քելբաջարի շրջանի միջազգային մշտադիտարկում: Քելբաջարի բնակչության դուրս գալը շրջանից խրախուսվելու է: Ադրբեջանցի տեղահանված անձինք վերադառնալու են Քելբաջարի շրջան Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո», – ասվում է փաստաթղթում:

Ճանապարհը Քարվաճառով կամրացնի բանակցային դիրքը

Քարվաճառով նոր ճանապարհի կառուցումը կնշանակի, որ բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերն ավելի կամրանան: Այստեղ պետք է նշենք, որ այսօր էլ գործում է Քարվաճառի տարածքով անցնող Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածը, որը ձմեռվա ամիսներին դառնում է անանցանելի, քանի որ բարձրլեռնային է:

Հայաստանը Արցախին կապող միակ գլխավոր ճանապարհը ներկայում Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին է, որը նույնպես կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով՝ 1990-ական թթ.:

Թե քանի տարի կտևի Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը, ցույց կտա ժամանակը: Եթե կառուցման համար անհրաժեշտ գումարը ամբողջությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է հավաքի, ապա թերևս մեկ հեռուստամարաթոնը բավարար չլինի: Մյուս կողմից, հաշվի առնելով այդ ճանապարհի ռազմավարական նշանակությունը Արցախի համար, գուցեև հնարավոր լինի Սփյուռքին, այդ թվում՝ հայ մեծահարուստ բարերարներին, համոզել, որ նախագիծը կենսական է, հետևաբար՝ անհրաժեշտ է ճանապարհը կառուցել հնարավորինս կարճ ժամանակահատվածում, գուցե՝ մեկ տարվա ընթացքում:

Ինչու հենց այսօր

Ամեն ոք, նայելով քարտեզին, կհասկանա, թե խոսքն ինչ կարևորության ծրագրի մասին է: Սակայն, մյուս կողմից, բնական հարց է առաջ գալիս՝ ինչո՞ւ է «Հայաստան» համահայկական հիմնադրամը հենց այսօր նման որոշում կայացնում:

Մեր տեղեկություններով՝ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածի կառուցման նախագծի հաստատումը այնքան էլ հարթ չի ընթացել, քանի որ հիմնադրամի որոշ ղեկավարներ դեմ են հանդես եկել: Իսկ պատճառը ոչ թե այն է, որ այդ մարդիկ չեն կարևորում Հայաստանը Արցախին կապող երկրորդ ճանապարհի գոյությունը կամ չեն գիտակցում, թե ինչպիսի ռազմավարական նշանակություն ունի Վարդենիս-Մարտակերտ հուսալի ճանապարհը, այլ այն, որ այդ ճանապարհը կառուցվում է բիզնես նպատակներով, կառուցվում է առաջին հերթին կոնկրետ մարդկանց և մասնավոր ընկերության շահերը սպասարկելու համար:

Մեկ տարի առաջ՝ 2012թ. հունիսին, Լեռնային Ղարաբաղի կառավարությունը հաստատել էր Կաշենի հանքավայրի շահագործման ծրագիրը: «Բեյզ մեթըլս» ընկերությունը, որը տարիներ շարունակ եղել է Արցախի հիմնական ամենախոշոր հարկատուն շնորհիվ Դրմբոնի հանքավայրի շահագործման, առաջիկա տարիներին կշահագործի նոր՝ Կաշենի հանքավայրը, որի տարածքն ընդգրկում է Մարտակերտի շրջանի Վարդաձոր, Ներքին Հոռաթաղ և Ճանկաթաղ գյուղերը: Հանքավայրից ստանալու են պղինձ և մոլիբդեն: Այս ծրագրի համար «Վալլեքս» ընկերությունը, որին պատկանում է «Բեյզ մեթըլսը», ընդհանուր առմամբ ներդնելու է 80 միլիոն դոլար: Նախատեսվում է, որ հանքավայրը տարեկան կմշակի 17 մլն տոննա հանքաքար, որը և հենց «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվելիք Մարտակերտ-Վարդենիս ճանապարհով կհասցվի Վարդենիս քաղաքի հարևանությամբ գտնվող Զոդ երկաթուղային կայարան, իսկ այնտեղից, արդեն երկաթգծով, կհասցվի Ալավերդի քաղաքի պղնձաձուլարան:

Ահա սա է պատճառը, որ «Հայաստան» հիմնադրամի որոշ ներկայացուցիչներ, ըստ մեր տեղեկությունների, դեմ են հանդես եկել նախագծին՝ պնդելով, որ ճանապարհի կառուցման համար ներդրում պետք է անեն նրանք, ովքեր միլիոնավոր դոլարների շահույթ են ստանալու Կաշենի հանքավայրից:

Անկասկած, արդարացված կլիներ, եթե «Հեռուստամարաթոն-2013»-ի ընթացքում ամենամեծ գումարը խոստանար «Վալլեքս» ընկերությունը կամ նրան պատկանող «Բեյզ մեթըլսը»: Եթե Վարդենիս-Մարտակերտ նոր ճանապարհի համար անհրաժեշտ է 30 միլիոն դոլար, ապա առնվազն այդ գումարի կեսը պետք է տրամադրեն այն ընկերություններն ու անհատները, որոնք ստանալու են միլիոնավոր դոլարների եկամուտ:

Կրկնենք, սակայն, որ անկախ շարժառիթներից, Վարդենիս-Մարտակերտ նոր ճանապարհի կառուցումը արդարացված նախագիծ է, քանի որ երկարատև կտրվածքով այն ունի կարևորագույն նշանակություն Արցախի և Հայաստանի անվտանգության համար:

Մեկնաբանել