Դեպի Բրյուսել՝ Մոսկվայով

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի խոսնակ Փիթեր Ստանոն, խոսելով Հայաստանի՝ Ռուսաստանի կողմից առաջարկվող Մաքսային միությանը միանալու հնարավորության մասին, ասել է. «Եթե դուք ներգրավված եք Եվրամիության հետ բանակցություններում Ասոցացման համաձայնագրի, այդ թվում՝ Խոր և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի շուրջ, և եթե հավակնում եք ստորագրել և իրագործել այդ փաստաթղթերը, ապա չեք կարող ունենալ որևէ այլ պայմանավորվածություն, որը հակասում է այս փաստաթղթերի դրույթներին: Խնդիրը հետևյալն է՝ ցանկացած երկիր պետք է ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք ունենա արտաքին առևտրի և մաքսատուրքեր սահմանելու հարցում, մինչդեռ Մաքսային միությունը՝ իր միասնական մաքսատուրքերի և առևտրի քաղաքականությամբ, զրկում է Հայաստանին այս հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքից»:

Փաստացի պաշտոնական Բրյուսելը կոշտ է արձագանքում մայիսի 31-ին Մինսկում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու խնդրի հետ կապված հայտարարությանը, որ «համաձայնություն կա այն հարցում, որ պետք է արագ պատրաստել այդ հուշագիրը, համաձայնեցնել այն նախագահների հետ և ստորագրել»:

Եվրամիությունը, ըստ էության, Հայաստանից պահանջում է ավելի թափանցիկ դարձնել Մաքսային միության հետ բանակցությունների բովանդակությունը և կողմնորոշվել, թե Հայաստանի իշխանությունները որ ողղությամբ են ցանկանում գնալ՝ Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան:

ՀՀ իշխանությունները հայտնվել են տհաճ իրավիճակում՝ ժամանակին իրարամերժ խոստումներ տալով թե՛ Ռուսաստանին, թե՛ Եվրոպային: Պատճառն այն է, որ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը խիստ իրավիճակային է. պահի տակ արվում են բաներ, որոնք 180 աստիճանով կարող են հակասել ավելի վաղ արված քայլին կամ հայտարարությանը:

Օրինակ՝ անցյալ տարվա մայիսին վարչապետ Տիգրան Սարգսյանը ռուսական «Վեդոմոստի» թերթում հոդված հրապարակեց՝ «Հայաստանը նայում է Եվրոպա» խորագրով, որտեղ խոսում էր, թե Հայաստանի համար ինչով է հատկապես հրապուրիչ եվրաինտեգրումը, և ինչ խնդիրներ կան ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացներում։ Հոդվածում Տիգրան Սարգսյանն աննպատակահարմար էր համարում Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը՝ ընդգծելով, որ դա «բովանդակային չէ, քանի որ Հայաստանն ընդհանուր սահման չունի այդ միության անդամների՝ Ռուսաստանի, Ղազախստանի կամ Բելառուսի հետ»:

Մեկնաբանել