Մոսկվայի քաղաքային դուման հունիսի 7-ին՝ արտահերթ նիստին, ընդունել է որոշում մայրաքաղաքի քաղաքապետի վաղաժամ ընտրությունները 2013թ․ սեպտեմբերի 8-ին նշանակելու մասին, հաղորդում է ռուսական «Կոմերսանտ» թերթը։ Որոշման նախագծին կողմ է քվեարկել 27 պատգամավոր, դեմ՝ երկուսը։
Համաձայն օրենսդրության՝ Մոսկվայի քաղաքային դուման պետք է պաշտոնապես հրապարակի ընդունված որոշումը հինգ օրվա ընթացքում։ Դրանից հետո պաշտոնապես կմեկնարկի ընտրարշավը։
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Ռուսաստանի նախագահ Վալադիմիր Պուտինը ստորագրեց Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրաժարականի մասին հրամանագիրը՝ Սոբյանինի ցանկության համաձայն, և նրան նշանակեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։
Դրանից մեկ օր առաջ Սոբյանինը հայտարարել էր քաղաքապետի վաղաժամ ընտրություններ անցկացնելու ցանկության մասին։ Մոսկվայի հանրային պալատն ավելի վաղ նրան խորհուրդ էր տվել առաջիկա աշնանն անցկացնել վաղաժամ ընտրություններ։ Շատ փորձագետների կարծիքով՝ այժմ Սոբյանինի համար ամենաբարենպաստ ժամանակն է՝ ընտրողների աջակցությունը մինչև 2018թ․ ժամկետով ստանալու համար։
Վերջին անգամ Մոսկվայի քաղաքապետի ուղղակի ընտրություններ անցկացվել են 2003թ․։
Սոբյանինը Մոսկվայի քաղաքային դումայի կողմից հինգ տարի ժամկետով Մոսկվայի քաղաքապետ էր հաստատվել 2010թ․ հոկտեմբերին՝ Յուրի Լուժկովի պաշտոնաթողությունից հետո։
Այժմ արդեն Մոսկվայի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինը, որը Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության գերագույն խորհրդի անդամ է, ըստ ամենայնի, սեպտեմբերի 8-ին ընտրություններին կմասնակցի՝ որպես ինքնառաջադրված թեկնածու։ Մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնի համար նրա գլխավոր պոտենցիալ մրացակից, «Գրաժդանսկայա պլատֆորմա» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը արտասահմանյան ակտիվների պատճառով առայժմ չի կողմնորաշվել ընտրություններին մասնակցության հարցում։ «Կոմերսանտը» հաղորդում է, որ կուսակցությունը նրա փոխարեն հնարավոր է՝ առաջադրի գործարարի քրոջ՝ Իրինա Պրոխորովայի թեկնածությունը։