9 հունիս, 2013 10:25

Թուրքիայում ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ է կիրառել

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բողոքի ակցիաները ցրելու նպատակով ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել, հաղորդում է BBC-ն:

Անկարայի Քիզիլայ հրապարակում հունիսի 8-ին տեղի ունեցած ցույցերին մոտ 5 հազ. մարդ է մասնակցել:

Հակակառավարական ցույցերը շարունակվում են նաև Ստամբուլում և Թուրքիայի մյուս քաղաքներում:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում բացառել էր արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը և կոչ էր արել դադարեցնել ցույցերը:

Թուրքիայի քաղաքներում հակակառավարական ցույցերը սկսվել են՝ պայմանավորված իշխանությունների՝ Ստամբուլի Գեզի այգին քանդելու և նրա տեղում առևտրաժամանցային համալիր կառուցելու ծրագրերով։

Սկզբում սա բնապահպանների խաղաղ ակցիա էր, սակայն այն արագ վերաճեց Թուրքիայի վարչապետի ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից իրականացվող քաղաքականության նկատմամբ դժգոհության։