9 հունիս, 2013 10:49

Սերժ Սարգսյանը Մոնսերատ Կաբալյեին պարգևատրել է Պատվո շքանշանով

Նախագահ Սերժ Սարգսյանն հունիսի 8-ին ընդունել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեին:

 Հանրապետության Նախագահը ողջունել է համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհուն Հայաստանում, նշել, որ տեղյակ է նրա այցի հետ կապված դժվարություններին և շնորհակալ է, որ, այդուհանդերձ, անվանի երգչուհին կարողացել է հաղթահարել այդ ամենն ու այցելել ինչպես Հայաստան, այնպես էլ Արցախ՝ այդպիսով արդար ու մեծ գործ կատարելով:

Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Մոնսերատ Կաբալյեին պարգևատրել է ՀՀ պետական բարձր պարգևով՝ Պատվո շքանշանով՝ համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար: Նախագահն ընդգծել է, որ մեծ հաճույքով և համոզվածությամբ է հանձնում Հայաստանի Հանրապետության ամենապատվավոր շքանշաններից մեկը մի երգչուհու, որը իր ներկայությամբ, անկրկնելի ձայնով ու վարպետությամբ պատվել է աշխարհի գրեթե բոլոր հայտնի ու լավագույն բեմերը և ունի երկրպագուների հսկայական բանակ:

Իսպանացի աշխարհահռչակ օպերային երգչուհի, սոպրանո Մոնսերատ Կաբալյեն շնորհակալությամբ է ընդունել, իր բնորոշմամբ, ի նշան ջերմության և սիրո տրված պարգևը: «Խաղաղության և սիրո կղզի է Հայաստանը: Դուք հրաշալի երկիր ունեք և ոգեղեն մեծ ուժ ունեցող ժողովուրդ»,-ասել է Մոնսերատ Կաբալյեն:

Անվանի երգչուհին նշել է, որ անկրկնելի տպավորություններով է հեռանում Հայաստանից և վստահ է, որ ավարտվող այս այցը դեռ շարունակություն է ունենալու: