Ֆիննախը կոշտ է դրել

2013թ. հունվար-ապրիլին պետբյուջեի եկամուտները կազմել են Դ324,7 մլրդ, ծախսերը՝ Դ297,2 մլրդ՝ համապատասխանաբար 64,9%-ով և 59,2%-ով ապահովելով կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարողականը։ Ծախսային մասի թերակատարման հետևանքով հաշվետու ժամանակահատվածում պետբյուջեն կատարվել է Դ27,5 մլրդ հավելուրդով՝ առաջին կիսամյակում նախատեսված ֌2,2 մլրդ պակասուրդի դիմաց։

Ֆինանսների նախարարությունը, այդուհանդերձ, հայտարարում է, որ ապահովել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: Պետական միջոցների տնտեսումը, իհարկե, դրական է, սակայն պետք է հաշվի առնել, որ գործադիրն առանց այն էլ զսպողական դրամավարկային քաղաքականություն է վարում։ Չորս ամիսների կտրվածքով բյուջեի ծախսային մասի թերակատարումն ըստ էության է՛լ ավելի կոշտ զսպվող դրամավարկային քաղաքականություն է, ինչն անխուսափելիորեն ազդում է տնտեսական աճի վրա։

Ծախսային մասը հիմնականում թերակատարվել է ծառայությունների և ապրանքների ձեռքբերման հոդվածներով, որով չորս ամիսներին ծախսվել է Դ58,7 մլրդ՝ ապահովելով կիսամյակային ծրագրի 56,4%-ը։

Ըստ ֆինանսների նախարարության «2013թ. հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագրի»՝ այս տարվա չորս ամիսներին պետբյուջեի եկամուտներն աճել են 23,5%-ով կամ Դ61,7 մլրդ-ով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Պետբյուջե մուտքագրվել են Դ308,8 մլրդ-ի հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են կիսամյակային ծրագրի 65,9%-ը։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտներն ավելացել են 24%-ով կամ ֌59,7 մլրդ-ով, ինչը պայմանավորված է ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) ու մաքսատուրքի գծով մուտքերի աճով։

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ ծրագրված է հավաքագրել լրացուցիչ Դ73,7 մլրդ-ի հարկային եկամուտներ, ողջ տարվա ընթացքում՝ Դ118,8 մլրդ-ի։ Ստացվում է, որ Պետական եկամուտների կոմիտեն հունվար-ապրիլին հավաքագրել է կիսամյակային ցուցանիշի համար նախատեսված լրացուցիչ եկամուտների 81%-ը, տարեկանի՝ 50,2%-ը։ Գործադիրը առաջին կիսամյակում ծրագրել է հավաքագրել լրացուցիչ հարկային եկամուտների տարեկան ծավալի 62%-ը։

Ներմուծումն անհասկանալի եկամուտներ է ապահովել

Այն, որ պետբյուջեն կատարվում է կանխավճարների և գերավճարների հաշվին, վկայում է օրինակ նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ ԱԱՀ-ի գծով հավաքագրումների արձանագրված 33%-ով կամ ֌31,8 մլրդ-ով աճը (հավաքագրվել է Դ128,2 մլրդ)։ Ըստ ֆինանսների նախարարության՝ ԱԱՀ-ի գծով արձանագրված աճն ապահովվել է հիմնականում ներմուծումից ստացված եկամուտների հաշվին։

Պնդումը խնդրահարույց է, եթե հաշվի առնենք, որ չորս ամիսներին Հայաստան ներկրման ծավալները կրճատվել են 1,1%-ով կամ $15 մլն-ով (Դ6 մլրդ-ով)։ Հարկման բազայի կրճատման պայմաններում անհասկանալի է մնում սահմանին գանձվող ԱԱՀ ծավալի աճը։ Այս պայմաններում պարզ չէ նաև մաքսատուրքի գծով գանձումների 71,6%-ով կամ ֌6,4 մլրդ-ով ավելացումը (մինչև Դ15,2 մլրդ)։

Եթե նույնիսկ հաշվի առնենք հաշվետու ժամանակահատվածում դրամի 5,6%-ով արժեզրկման հանգամանքը (ԱԱՀ-ն և մաքսատուրքը հաշվարկելիս հիմք է ընդունվում արտարժույթով արտահայտված ապրանքի մաքսային արժեքը), միևնույն է, ազգային արժույթով Դ20 մլրդ-ով կամ 4%-ով ներկրման աճը չէր կարող բերել սահմանին գանձվող ԱԱՀ-ի և մաքսատուրքի երկնիշ աճի։

Մեկնաբանել