Էրդողանն ու Սարգսյանը. նման ու տարբեր

2002թ. Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթեց Ռեջեփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ հավաքելով 34.3% քվե: Էրդողանը եղավ Թուրքիայի միակ վարչապետը, որը բացի երեք անգամ անընդմեջ կառավարությունը ղեկավարելուց, յուրաքանչյուր հաջորդ ընտրության ավելացրեց քվեների թիվը. 2007թ. արդեն հավաքեց 46.7% քվե, իսկ 2011թ.՝ 49.83%:

2007թ. Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը ստացավ քվեների (համամասնական) 33.91%-ը, 2012թ. ընտրություններում՝ 44.1%-ը: 2008թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը ստացավ 52.8% քվե, 2013թ.՝ 58%:

Բավական մեծ նմանություն կա Էրդողանի ու Սարգսյանի միջև: Երկուսն էլ յուրաքանչյուր հաջորդ ընտրության մեծացրել են իրենց քվեների թիվը, երկուսն էլ որոշումներ ընդունելիս առանձնապես չեն սիրում լսել հասարակության կարծիքը:

Էրդողանի ու Սարգսյանի միջև «որոշ» տարբերություններ էլ կան.
Էրդողանը յուրաքանչյուր հաջորդ ընտրության ժամանակ երկրի տնտեսության մեջ բեկումնային դրական փոփոխություններ էր արձանագրած լինում (Թուրքիան դարձել է աշխարհի ամենադինամիկ տնտեսություններից մեկը),

Սարգսյանի յուրաքանչյուր հաջորդ ընտրություն նշանավորվել է տնտեսության վատթարացած ցուցանիշներով (օրինակ՝ 14.6% տնտեսական անկումով) ու մեծացած արտագաղթով,

Էրդողանի օրոք Թուրքիան փակել է ԱՄՀ-ին ունեցած պարտքը,

Սարգսյանի օրոք Հայաստանի պարտքը գրեթե եռապատկվել է,

Էրդողանը իրենց վագրեր զգացող ամենակարող գեներալներին դարձրել է վարժեցրած կատուներ,

Սարգսյանի օրոք օլիգարխիան ավելի է ամրապնդվել ու ավելի անպատժելի դարձել:

Ամենամեծ տարբերությունը՝ Թուրքիայում ոչ ոք՝ ամենամեծ քաղաքի բնակչից մինչև ամենախուլ գյուղի ընտրողը, չի կասկածում ընտրությունների օրինականությանը: Հայաստանում դրա հակադարձ համեմատականն է:

Կ.Հ.

Մեկնաբանել