Հայաստանն այլընտրանքային էներգիայի ստացման հարմար գոտի է. փորձագետներ

Հայաստանն իր աշխարհագրական դիրքով հարմար գոտի է այլընտրանքային էներգիա ստանալու համար: Հունիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեցին «Մաքուր էներգիա» ՀԿ փոխնախագահ Հայկ Խաչատրյանը և վերականգնող էներգիայի փորձագետ Հայկ Շեկոյանը` անդրադառնալով գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման ֆոնին էներգիայի այլընտրանքային աղբյուրներին:

Հայկ Խաչատրյանը նշեց, որ քամու էներգիան մեծ պոտենցիալ ունի Հայաստանում և իրենց կատարած հետազոտությունների համաձայն՝ Հայաստանում տարեկան կտրվածքով քամուց կարելի է ստանալ 10 հազ. ՄՎտ էներգիա, ինչը 10 անգամ գերազանցում է ատոմակայանի արտադրած էներգիայի ծավալը: Փորձագետի խոսքով` ներկայում Հայաստանում գործում է միայն մեկ քամու էներգիայի կայան` Պուշկինի լեռնանցքում:

Խաչատրյանի խոսքով` Հայաստանում կա նաև գեոթերմալ էներգիայի ներուժ, որի արտադրման ամենահարմար վայրը Սյունիքի մարզն է:

«Հայաստանն արևի էներգետիկայի առումով ամենալավ տարածաշրջաններից մեկում է գտնվում, մենք ունենք արևի 80% միջին լուսավորություն, մինչդեռ Եվրոպայում այդ թիվը 60% է»,- ասաց Խաչատրյանը` նշելով, որ չնայած այդ թվերին՝ Եվրոպան ավելի շատ է օգտվում արևի էներգիայից, քան Հայաստանը:

Շեկոյանը, համաձայնելով Խաչատրյանի հետ, նշեց, որ զարմանալի է, որ մինչ այսօր արևի էներգիան չի օգտագործվում: «Սա մեզ հստակ ազդակ պետք է լինի, որ կա հնարավորություն խնայելու»,- ասաց Շեկոյանը:

Հայկ Շեկոյանը, խոսելով հողմակայանների մասին, նշեց, որ նոր կայաններ տեղադրելու համար ավելի քան $1 մլն կպահանջվի, ինչը Հայաստանն այսօր չի կարող իրեն թույլ տալ:

«Ներկայում ամենահարմարը Հայաստանի համար համարվում է ջրատաքացումը: 300 հազ. դրամով կարելի է տեղադրել 5 հոգու համար նախատեսված ջրատաքացուցիչ»,- ասաց Շեկոյանը` հավելելով, որ այդ ջրատաքացուցիչները կարելի է օգտագործել ավելի քան 20 տարի:

Մեկնաբանել