12 հունիս, 2013 17:01

ՄՖԿ-ն և ՎԶԵԲ-ը խոստանում են Ամուլսարում հետևել բնապահպանական ամենաբարձր չափանիշներին

Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ, Համաշխարհային բանկի մասնավոր ներդրումային ճյուղ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությունները հունիսի 3-7-ը եղել են Հայաստանում` Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի զարգացման վերահսկողական այցով, ասված է հանքը շահագործող «Գեոթիմ» ՓԲԸ-ի տարածած հաղորդագրությունում: «Գեոթիմը» «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, իսկ «Լիդիան ինթերնեյշնլի» խոշոր բաժնետերեր են ՄՖԿ-ն և ՎԶԵԲ-ը:

Ինչպես նշված է հաղորդագրությունում, պատվիրակությունները կազմված էին ՄՖԿ-ի և ՎԶԵԲ-ի բնապահպանական, սոցիալական զարգացման, երկրաբանական, հանքարդյունաբերական և ֆինանսական ոլորտի մասնագետներից: Նրանք աշխատանքային քննարկումներ են ունեցել «Լիդիանի» և «Գեոթիմի» հետ, հանդիպել Հայաստանի կառավարության մի շարք անդամների հետ և այցելել Ամուլսար և շրջակա համայնքներ՝ Սարավան, Գնդեվազ և Գորայք, ինչպես նաև Ջերմուկ քաղաք:

Նրանք ծանոթացել են «Լիդիանի» և «Գեոթիմի» կողմից իրականացվող բնապահպանական, սոցիալական և տեխնիկական ծրագրերի ընթացքին, ինչպես նաև քննարկել «Էկվատորյան սկզբունքների» շրջանակում գործող միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ֆինանսավորում ստանալու համար անհրաժեշտ հետագա քայլերը:

«ՄՖԿ-ն հանքարդյունաբերության ոլորտում իր հաճախորդներին, ինչպիսին օրինակ «Լիդիանն» է, մեծ ուշադրությամբ է ընտրում: Ամենակարևոր սկզբունքը՝ բնապահպանական և սոցիալական բարձր չափանիշներին հետևելու ընկերության պատրաստակամությունն է: Մենք պարբերաբար հետևում ենք դրան, ինչպես օրինակ անցյալ շաբաթ կատարած այցելության ընթացքում: Տպավորված ենք ծրագրի վաղ փուլից սկսած Գեոթիմի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերով»,- ասել է ՄՖԿ-ի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի ղեկավար Ռոբին Վայսմանը:

«ՎԶԵԲ-ը հավատարիմ է իր հաճախորդների կողմից բնապահպանական և սոցիալական ամենաբարձր չափանիշների կիրառման ապահովմանը: Մեզ գոհացնում է, որ «Լիդիանը» և «Գեոթիմը» խորհրդակցում են շահագրգիռ կողմերի հետ և իրականացնում են լայնածավալ հետազոտություններ, պատրաստելով Ամուլսարի ծրագրի Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումը: Բարձր ենք գնահատում անցյալ շաբաթ նրանց ընթացիկ ծրագրերին ծանոթանալու հնարավորությունը և մենք արժեքավոր տեղեկություններ ստացանք կառավարության և տեղական ինքակառավարման մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումների ընթացքում: Մենք սպասում ենք ԲՍԱԳ-ին, որպեսզի վստահ լինենք, որ այն համապատասխանում է մեր բնապահպանական և սոցիալական քաղաքականության պահանջներին և սպասում ենք լայնածավալ հանրային քննարկումներին, որոնք ընկերությունն ակնկալում է անցկացնել առաջիկա ամիսներին՝ ԲՍԱԳ-ի հրապարակումից հետո»,- ասել է ՎԶԵԲ գլխավոր բնապահպանական խորհրդատու Ջեք Մոզինգոն:

Photo: www.mining-technology.com