€500 հազ. Ֆրանսիայից` ՀՀ ենթակառուցվածքներին

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն հունիսի 12-ին ֆինանսավորման համաձայնագիր են ստորագրել, ըստ որի` Ֆրանսիական զարգացման գործակալությունը Հայաստանի կառավարությանը կտրամադրի €500 հազ. դրամաշնորհ` մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը նախապատրաստելու նպատակով, հաղորդում են ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից:

Մասնավորապես` Վեդիի ջրամբարի կառուցման նպատակով մոտ €300 հազ. գումար կուղղվի Արարատյան հարթավայրի ոռոգման համակարգի ամբողջական տեխնիկատնտեսական ուսումնասիրությանը, մոտ €100 հազ.՝ «Տաթև» տուրիստական կենտրոնում ներառված համայնքների զարգացման համալիր ուսումնասիրությանը:

Նախատեսվում է նաև ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարել կոշտ թափոնների կառավարման ազգային ծրագիր ստեղծելու համար, ինչպես նաև աջակցություն տրամադրել Ջրի կառավարման ծրագիրն իրականացնելու նպատակով և այլն:

Ստորագրվել է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև 2008թ. մայիսի 27-ին ստորագրված ֆինանսական արձանագրության մեջ փոփոխություն կատարելու մասին» համաձայնագիրը:

Մեկնաբանել