13 հունիս, 2013 14:24

Բիլ Քլինթոնը քննադատել է Օբամայի սիրիական քաղաքականությունը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պետք է ավելի վճռական գործի՝ ի աջակցություն սիրիացի ապստամբների, հայտարարել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնը։

«Ոմանք ասում են․ «Տեսեք, թե ինչ խառնաշփոթ է, հեռո՛ւ մնացեք․․․ Կարծում եմ՝ դա մեծ սխալ է»»,- մեջբերում է ամերիկյան Politico պարբերականը Քլինթոնի խոսքը փակ միջոցառման ժամանակ։

«Այս հարցում ես ձեզ հետ համաձայն եմ»,- ասել է Քլինթոնը՝ դիմելով սենատոր Ջոն Մակ-Քեյնին, որը Սիրիայի վարչակարգի նկատմամբ ավելի կոշտ միջոցառումների կողմնակից է։

Ամերիկացիներն ընտրում են նախագահին ու Կոնգրեսի անդամներին, որպեսզի նայեն դեպի ապագան ու հաղթեն, հայտարարել է Քլինթոնը՝ օրինակ բերելով սեփական որոշումները նախկին Հարավսլավիայի հարցում։

«Ոչ ոք կոչ չի անում ամերիկացի զինվորներ ուղարկել Սիրիա»,- նշել է նա։ Քլինթոնի կարծիքով՝ ավելի ակտիվ գործողությունները պետք է նախատեսեն տարածաշրջանում նախաձեռնության «խլում» Ռուսաստանից, Իրանից ու «Հեզբոլլահ» շարժումից։

Հանրապետական սենատոր Մակ-Քեյնը ԱՄՆ-ի վարչակազմին պարբերաբար կոչ է անում զենք մատակարարել սիրիական ընդդիմությանը և դիտարկել ոչ թռիչքային գոտու սահմանման հնարավորությունը։

Associated Press գործակալությունը, վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրները, հաղորդում է, որ Բարաք Օբամայի վարչակազմի աշխատակիցները տարակարծիք են սիրիական ընդդիմությանը օգնություն ցուցաբերելու հարցում․ նրանց մի մասը մտադիր է սահմանափակվել ապստամբներին զենք մատակարարելով, մյուսները պահանջում են ավելի վճռական գործողություններ, մասնավորապես՝ Սիրիայի նկատմամբ ոչ թռիչքային գոտի ապահովելու համար ամերիկյան ռազմաօդային ուժերի օգտագործում։

Հունիսի 12-ին Պետդեպը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ ԱՄՆ-ը թուլացրել է Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները՝ ընդդիմությանն օգնելու հնարավորություն ունենալու համար։

Հայտարարությունում ասված է, որ պատժամիջոցների մասնակի վերացումից հետո ամերիկյան ընկերություններին մասնավորապես թույլատրվում է Սիրիայի՝ ընդդիմության կողմից վերահսկվող տարածքներ մատակարարել ծրագրային սարքավորումներ, էներգետիկ սարքավորումներ, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքներ։ Բացի այդ՝ նոր նորմերը թույլ են տալիս սիրիական ընդդիմությունից նավթ գնել։

Հիշեցնենք, որ սիրիական ճգնաժամը շարունակվում է 2011թ․ մարտից։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է մոտ 80 հազ․ մարդ։