Բրիտանական Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը տեղեկացնում է, որ «Ջաբհաթ ան Նուսրա» ջիհադիստական խմբավորման հետ կապեր ունեցող ապստամբների ջոկատները հարձակում են իրականացրել շիական Հաթլա գյուղի վրա Սիրիայի արևելքում և սպանել են նվազագույնը 60 մարդ, հիմնականում՝ իշխանությունների զինված կողմնակիցների, հաղորդում է BBC-ն։
Ինչպես հաղորդում են կազմակերպության իրավապաշտպանները, հարձակումն իրականացվել է հունիսի 11-ին և եղել է վրեժի ակցիա այդ գյուղի մարտիկների՝ մեկ օր առաջ ապստամբների դիրքերի վրա հարձակվելու և մի քանի ապստամբ սպանելու համար։
Իրավապաշտպանների տվյալների համաձայն՝ Հաթլայի համար պայքարում զոհվել են նաև մոտ մեկ տասնյակ հարձակված ապստամբներ։
Ըստ սիրիացի իրավապաշտպանների՝ ողջ են մնացել գյուղի այն բնակիչները, որոնց հաջողվել է փախչել։ Associated Press գործակալությունը հստակեցնում է, որ նրանց թիվը մոտ 150 է, և նրանք փախել են Եփրատի մյուս ափ՝ Ջաֆրա գյուղ, որը վերահսկում են կառավարական ուժերը։
Կառավարության ներկայացուցիչը Դամասկոսում լրագրողներին ասել է, որ Հաթլա գյուղում սպանվել են խաղաղ բնակիչներ, ծերունիներ և երեխաներ։
Հիշեցնենք, որ սիրիական ճգնաժամը շարունակվում է 2011թ․ մարտից։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է մոտ 80 հազ․ մարդ։
http://www.bbc.co.uk/russian/international/2013/06/130612_syria_shia_massacre.shtml
http://www.bbc.co.uk/russian/rolling_news/2013/06/130612_rn_syria_shia_killed.shtml