Զարմանալի զարմանք

Երեկ Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է 2012թ. հաշվետվությունը, ըստ որի՝ 2012թ. ընթացքում պետական բյուջեի միջոցների տնօրինման կոպիտ խախտումներ են տեղի ունեցել (տե՛ս «Լավագույն ավանդույթները շարունակվում են: Խախտումներ ճանապարհաշինությունից մինչև տեխնոպարկ» հոդվածը):

Իշխան Զաքարյանի հաշվետվության ներկայացումից հետո ելույթ է ունեցել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը և հայտարարել. «Երբ այս հաշվետվության, արձանագրված չարաշահումների մասին ամիսներ առաջ սկսեց խոսվել, ես չէի հավատում այդ ամենին, սակայն երբ հիմա Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը այս ամբիոնից է հայտարարում, զարմացած եմ, քանի որ գործ ունենք թալանչիների հետ, այս մարդկանց բոլոր գործերը պետք է ուղարկենք դատախազություն»: «Իրականում բյուջեն լափում են որոշ մարդիկ: Ի՞նչ են ասում այդ չինովնիկները, երբ քննարկում եք իրենց հետ, երբ ասում եք, որ յուրացրել են տասը միլիոն, քսան միլիոն»,– բարկացել է ԱԺ նախագահը:

Եթե այս գնահատականի հեղինակը լիներ որևէ ընդդիմադիր պատգամավոր, զարմանալու առիթ չէր լինի, սակայն երբ բյուջեի թալանի մասին խոսում է պետության երկրորդ դեմքը, իշխող կուսակցության ներկայացուցիչը, դա մի փոքր անհասկանալի է: Ով՝ ով, բայց Հովիկ Աբրահամյանը, որն անցել է իշխանական ուղղահայացի բոլոր օղակներով, պետք է քաջածանոթ լինի, թե իշխանությունն ինչպես է տնօրինում պետական բյուջեն: Զարմանալի է, որ Հովիկ Աբրահամյանը զարմանում է:

Վերահսկիչ պալատի հաշվետվությունից չէ, որ Հովիկ Աբրահամյանը պետք է տեղեկանար պետական բյուջեի թալանի մասին: Չէ՞ որ միայն առանձին վերցրած ոլորտում չէ, որ նման չարաշահումներ են տեղի ունենում: Ոլորտները փոխկապակցված են, և չի կարող մի ոլորտում տիրել բյուրեղյա մաքրություն, մեկ այլ ոլորտում՝ համատարած կոռուպցիա:

Հովիկ Աբրահամյանի կոշտ հայտարարությունը թերևս ներիշխանական ինչ-ինչ կոնյունկտուրային շահերից է բխում: Մեկ կենտրոնից ղեկավարվող արդարադատության համակարգի պայմաններում հայտնաբերված որևէ իրավախախտում, պետական բյուջեի թալան, պաշտոնական դիրքի չարաշահում չի կարող բարձրագույն իշխանությունների զարմանքը հարուցել:

Մեկնաբանել