«Հայբիզնեսբանկում» չեն մեկնաբանում խորհրդի նախագահի ծեծի մասին լուրը

«Հայկական ժամանակ» օրաթերթը հունիսի 14-ի իր համարում, վկայակոչելով սեփական աղբյուրները, գրել էր, որ հունիսի 10-ի երեկոյան իր աշխատասենյակում ծեծի է ենթարկվել «Հայբիզնեսբանկի» խորհրդի նախագահ Սերգեյ Արզումանյանը: «Հայբիզնեսբանկում» սակայն ձեռնպահ մնացին այս լուրը մեկնաբանելուց:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ դեպքի մասին հաղորդում չեն ստացել: Հարցին, թե արդյոք ոստիկանությունը մտադիր չէ հրապարակման հիման վրա քննություն սկսել, ոստիկանության ներկայացուցիչը պատասխանեց, որ իրենք չեն դիմի կոնկրետ գործողությունների, քանի որ Սերգեյ Արզումանյանը հայտարարությամբ հանդես չի եկել:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր, որ իր աշխատասենյակում Արզումանյանը դաժան ծեծի էր ենթարկվել 4-5 ընդգծված կառուցվածքով երիտասարդների կողմից, որոնք իրենց «գործը» անելուց հետո լուռ հեռացել էին, իսկ դրանից հետո դուրս էր եկել Արզումանյանը, որի դեմքն անճանաչելի էր եղել: Ըստ «Հայկական ժամանակի»` բանկի աշխատակիցների շրջանում տարածված լուրերի համաձայն` դեպքից մի կես ժամ առաջ Արզումանյանը լարված հեռախոսազրույց է ունեցել ինչ-որ մեկի հետ:

Մեկնաբանել