Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստին տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը փորձել է արդարացնել կամ հիմնավորել Վերահսկիչ պալատի հայտնաբերած խախտումները՝ շեշտելով, որ այդ խախտումները համակարգային բնույթ չեն կրում: «Չենք կարող համաձայնել այն կարծիքներին և գնահատականներին, որ բյուջեի կատարման ընթացքում տեղի է ունենում միջոցների լայնածավալ փոշիացում, և բյուջետային հիմնական գործընթացներն իրականանում են մասշտաբային կոռուպցիոն դրսևորումներով: Ամենևին հնարավոր չէ հանգել նման գնահատականի նաև Վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվության տեքստից»,– հայտարարել է Արմեն Գևորգյանը:
Այս հայտարությունն ըստ էության պատասխան էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ հայտնաբերված խախտումների վերաբերյալ հնչեցրած կոշտ գնահատականներին: Նա «թալանչի և բյուջե լափող» էր անվանել չարաշահումների հեղինակ չինովնիկներին:
Բնականաբար, «բյուջե լափողներ» և «թալանչիներ» որակումները վերաբերում էին գործադիր իշխանության ներկայացուցիչներին, և նրանց գործունեության համար անուղղակիորեն պատասխանատվություն է կրում կառավարության ղեկավարը: Փաստացի իշխանության երկու թևերի միջև, որոնք նույն՝ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն են, հրապարակային հակամարտություն է տեղի ունենում: Այս պարագայում փոխվարչապետ Արմեն Գևորգյանը փորձում է մաքրազերծել կառավարությանը: Ժողովրդավարական երկրներում գուցե իշխանության թևերի միջև նման հակադրությունն օրինաչափ ընկալվեր, սակայն Հայաստանում, որտեղ ներիշխանական խնդիրները լուծվում են մեկ կենտրոնից, Ազգային ժողով – կառավարություն հակամարտությունը ավելի շուտ անձնական կամ կլանային շահերի բախում կարելի է համարել:
Բարձրագույն կենտրոնի թույլտվությամբ կարծես հրապարակային շոու է կազմակերպվել հասարակական գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկելու համար: Բնականաբար, որքան էլ կատարված չարաշահումները լուրջ թվան, այնուամենայնիվ հնարավոր հետևանքները կարող են շատ մեղմ լինել, և որևէ մեկը պատասխանատվություն չկրի կատարված «թալանի» համար:
Փոխվարչապետ Արմեն Գևորգյանն իր պատասխան ելույթում կարծես թե պատրաստել է պատասխանատվությունից խույս տալու իրավական հիմքերը՝ նշելով. «Ներկայիս օրենսդրությամբ նման դեպքերի համար պատասխանատվությունը տնտեսական կամ քաղաքացիաիրավական բնույթ է կրում, այսինքն՝ գումարների վերականգնում, կատարված թերությունների շտկում, տուգանքներ՝ բացառությամբ մի քանի դեպքերի, երբ գործողություններն ակնհայտորեն քրեորեն պատժելի արարքներ են պարունակում»: