Կոմպրոմատների պատերազմ

Իշխանության գործադիր և օրենսդիր թևերի ղեկավարների միջև հակամարտությունը նոր ընթացք է ստանում: Առճակատումը սկսել էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը Վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվության մեջ ներկայացված չարաշահումների հեղինակներին անվանել էր «թալանչիներ և բյուջեն լափողներ» և ասել, որ այդ գործերը պետք է ուղարկվեն դատախազություն:
Բնականաբար, այդ որակումների հասցեատերը գործադիր իշխանության ներկայացուցիչներն են, որոնց գործունեության միջնորդավորված և անմիջական պատասխանատուն վարչապետ Տիգրան Սարգսյանն է:

Երկու թևերի միջև իրական հակամարտության բացակայության դեպքում պետք է որ վարչապետ Տիգրան Սարգսյանը կուլ տար վիրավորանքը և շարունակեր նույն տեմպով: Սակայն, ըստ երևույթին, կառավարության ղեկավարն ընդունել է Հովիկ Աբրահամյանի նետած ձեռնոցը և անցել է հակահարձակման: Նախ՝ ԱԺ արտահերթ նիստին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հայտարարեց, որ Վերահսկիչ պալատի հայտնաբերած չարաշահումները համակարգային բնույթ չունեն, և օրենսդրական բացի պատճառով հիմնականում հնարավոր չէ կանխել էպիզոդիկ չարաշահումները: Սակայն չբավարարվելով Արմեն Գևորգյանի պաշտպանողական ճառով՝ գործի դրվեց ֆինանսների նախարարությունը: Հունիսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը տեղեկացրեց, որ մարզերում համատարած չարաշահումներ են հայտնաբերել դիզվառելիքի բաշխման գործում, և առավել շատ խախտումներ հայտնաբերվել են Հովիկ Աբրահամյանի հայրենի Արարատի մարզում: Ավելին, ըստ նախարարության տվյալների, սուբսիդավորմամբ էժան դիզվառելիք ստանալու հայտ ներկայացրել, իսկ այնուհետև ստացել են Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանը և զարմիկ Հովհաննես Աբրահամյանը: Փաստացի, կառավարությունը Հովիկ Աբրահամյանին անուղղակիորեն մեղադրում է պաշտոնական դիրքի չարաշահման միջոցով իր հարազատների համար սուբսիդավորող դիզվառելիք ստանալու մեջ:

Այս ամենը, քան կոմպրոմատների պատերազմ Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի միջև, հնարավոր չէ որակել: Իշխանության երկու թևերի միջև հակամարտությունը ոչ թե իշխանության թևերի փոխլրացում և հակակշռում է, այլ ըստ ամենայնի՝ անձնական և կլանային նեղ շահերի բախում: Այս բախումը հազիվ թե որևէ կերպ ազդեցություն ունենա պետական համակարգի որակի վրա: Ինչքան էլ տարօրինակ հնչի, Սարգսյան-Աբրահամյան առճակատումը բխում է Սերժ Սարգսյանի շահերից, քանի որ հակամարտող կողմերն ի վերջո «զինադադար» են կնքելու գործող նախագահի գրասենյակում: Արբիտրի կարգավիճակում Սերժ Սարգսյանը առավել հեշտությամբ է վերահսկողության տակ պահում պետության երկրորդ և երրորդ դեմքերին:

Մեկնաբանել