Օֆշորային վարչապետ

Կիպրոսյան օֆշորային Wlispera Holdings Limited ընկերության իրավաբանական փաստաթղթերով՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բիզնես գործընկեր, գործարար Աշոտ Սուքիասյանը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին նամակ է ուղարկել, որտեղ փորձում է լույս սփռել օֆշորային հայտնի սկանդալի վրա: Նամակում ՀՀ ոստիկանության կողմից հետախուզման մեջ գտնվող Սուքիասյանը մասնավորապես նշում է. «Նախ ասեմ, որ այս [Wlispera Holdings Limited] կազմակերպության հիմնադիրը ես եմ և ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով՝ առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության: Դա արել եմ նրա համար, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետևանքներ ունենալ»:

Ուշագրավ է, որ հենց առաջին պարբերության մեջ Աշոտ Սուքիասյանը անուղղակիորեն խոստովանում է, որ Հայաստանում այդքան էլ անվտանգ չէ բիզնես անելը, քանի որ կարող ես ենթարկվել տարատեսակ ոտնձգությունների: Իսկ այդ ոտնձգություններից պաշտպանվելու արդյունավետ ճանապարհը ոչ թե ՀՀ օրենսդրությունն է, այլ վարչապետ Տիգրան Սարգսյանի և արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի հովանավորությունը: Այլ կերպ ասած՝ Աշոտ Սուքիասյանը ակնարկում է, որ վարչապետն ու արքեպիսկոպոսը «տանիք» են ծառայում որոշակի բիզնես շրջանակների համար, ու նրանց անունների օգտագործումը բավարար է այդպիսի «տանիք» ունենալու համար: Ինչպես հայտնի է, բիզնեսին «տանիքություն» անելու համար բավական լավ վարձահատույց են լինում: Տարօրինակ զուգադիպությամբ՝ Աշոտ Սուքիասյանը հենց օֆշորային գործարքների ժամանակահատվածում թանկարժեք Bentley ավտոմեքենա է նվիրում օֆշորային ընկերությունում իրավաբանական փաստաթղթերով իր հետ բաժնեմաս ունեցող Նավասարդ Կճոյանին:

Սուքիասյանն իր նամակում ինքնախոստովանությամբ պարզապես փորձում է փրկել Տիգրան Սարգսյանին և Նավասարդ Կճոյանին: Սուքիասյանին թերևս ստիպել են, որ նա իր վրա վերցնի օֆշորային ընկերությունում Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի անունների «ներգրավումը»: Որ Աշոտ Սուքիասյանն է օֆշորային խարդախության մեջ դառնալու քավության նոխազը, պարզ էր այն պահից, երբ Տիգրան Սարգսյանը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ով է իր անունից կիպրոսյան օֆշորում ընկերություն գրանցել: Բնականաբար Սուքիասյանից բացի՝ որևէ մեկին դժվար էր մեղադրանք ներկայացնել ու հիմնավորել օֆշորում ընկերություն գրանցելու համար: Իսկ որպեսզի հեշտացվի դատախազության գործը, Սուքիասյանին «բարեկամաբար» հորդորել են իր վրա վերցնել կատարվածի պատասխանատվությունը և ամենայն հավանականությամբ ինչ-ինչ երաշխիքներ են տվել նրան: Այսպիսով, Տիգրան Սարգսյանը իրավական առումով բոլոր հնարավորություններն ունի «ջրից չոր դուրս գալու» համար, սակայն հանրային ընկալման մեջ նա, ի թիվս այլ որակումների, մնալու է նաև որպես «օֆշորային վարչապետ»:

Մեկնաբանել