23 հունիս, 2013 21:30

Գծի ու գույնի ներդաշնակ համադրություն

Գեղանկարչական աշխատանքներ կան, որոնք դիտելուց, նույնիսկ հավանելուց մի քանի օր անց իսպառ մոռացվում են: Լինում են նաև նկարիչներ, որոնց ստեղծագործություններն այնպես են դաջվում հիշողությանդ մեջ, որ ոչ թե օրեր ու ամիսներ, այլ տարիներ անց էլ մտովի անկարող ես լինում բաժանվել դրանցից և անվերջ փնտրում ես գործերի հեղինակի ստորագրությունը:

Նման նկարիչներից է Սամվել Լաճիկյանը, որը, 1995թ. մեկնելով ԱՄՆ, 18 տարի անց կրկին իր հայրենի Գյումրի վերադարձավ այն համոզումով, որ արվեստի ճշմարիտ գործեր օտար եզերքներում չեն կարող ստեղծվել: «Դրսում ինչ նկարել եմ, արմատները դարձյալ այստեղ՝ Հայաստանում են: Սիրել ու սիրում եմ ծննդավայրս՝ Գյումրին,– ասում է նկարիչը և ավելացնում,- ինձ համար այն շարունակում է մնալ Սանդուխտ մամիս պատմած Արեգնազանի հեքիաթի կախարդական աշխարհը՝ իր Անդաս թագավորով ու կենսախինդ մարդկանցով»։

Մինչ Ամերիկա մեկնելը Սամվելը տեղի Մերկուրովի անվան նկարչական դպրոցի տնօրենն էր, Հայաստանի Նկարիչների միության քաղաքային բաժանմունքի նախագահը։

Նրա մուտքը մեծ արվեստի աշխարհ նշանավորվեց 1981թ.՝ «Նատյուրմորտ մոմով» փոքրաչափ նկարով, որը ցուցադրվեց Մոսկվայում կայացած Ջրանկարի համամիութենական VI ցուցահանդեսում: Դեռ Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտում սովորելու տարիներին ջրաներկով արված իր աշխատանքներով նա մասնակցություն բերեց միջազգային մի շարք ցուցահանդեսների՝ կազմակերպված ջրանկարչական զորեղ ավանդույթներով հարուստ Ֆինլանդիայում և Շվեդիայում: Գրաֆիկական այդ քմահաճ նյութի գաղտնիքներին վիրտուոզ տիրապետող երիտասարդ նկարիչը սիրում էր թափանցիկ գույներով երփնագրել իր քաղաքն ու վերջինիս մարդկանց։

1987թ. նրա վրձնած լենինականյան բնանկարները այդ հայաբույր ու հնաշունչ ոստանի քնարական գողտրիկ պատումներ են՝ արված սիրով և անհուն ներշնչանքով:

Սամվելը նկարների վրա աշխատում է դանդաղ և արտասովոր ջանադրությամբ: «Հիշում եմ,– պատմում է նկարիչը,– սեպտեմբեր ամիսն էր: Ուզեցի քաղաքիս աշնանային մի տեսարան վրձնել, որ բացվում էր մեր պատշգամբից: Այնքան երկարեց գործը, որ մի առավոտյան նույն տեսարանը պատվեց ձյան հաստ շերտով»: Այդպես ծնունդ է առնում նրա «Ձմեռ. Լենինական» գողտրիկ նկարը։

Չնայած նորարարական բազում հոսանքներին՝ Սամվելը սկզբից ևեթ պահպանեց հարգանքը դասական արվեստի նկատմամբ։ Հնի մեջ, սակայն, նա տեսավ նորը, սովորականի մեջ փնտրեց անսովորը: Շատ-շատերը տպավորվեցին կատարելության հասնող նրա կատարողականով, թղթի մակերեսի մերթ բծախնդիր մշակվածությամբ, մերթ էլ՝ ազատ մոտեցմամբ։

Սամվելի դիմանկարներում հատկապես ի հայտ եկան գծի վարպետությունն ու գույնի հետ այն ներդաշնակելու հմտությունը: Արվեստաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Զարյանը, որն աչքի էր ընկնում տաղանդներ հայտնաբերելու ու նրանց ապագան անվրեպ գուշակելու նախանձելի կարողությամբ, անմիջապես նկատեց նկարչին՝ գրելով հետևյալը. «Դիմանկարի ժանրում Սամվել Լաճիկյանի հաջողությունները բացարձակ են: Նմանությունը, բնավորության բացահայտումը, հոգեկան գծերի յուրահատկությունը,– ահա ի՛նչ է բնորոշ նրա դիմանկարներին: Նկարից մեզ է նայում ոչ թե ընդհանրապես մի մարդ, այլ ա՛յս, միայն ա՛յս մարդը»:

1988թ. դեկտեմբերյան երկրաշարժը ոչ միայն ավերակների վերածեց հնամյա Գյումրին, այլև տակնուվրա արեց նրա արվեստագետ որդիների ներաշխարհը: Սամվել Լաճիկյանի ստեղծագործական կենսագրությունը ևս ակամա բաժանվեց մինչերկրաշարժյանի և հետերկրաշարժյանի, որոնք միմյանցից էականորեն տարբերվում են ոչ միայն գուներանգներով ու կատարման ոճով, այլև գեղարվեստական մտածողությամբ:

Ի դեպ՝ երկար ժամանակ նա չէր նկարում. լծվել էր իր ղեկավարած Մերկուրովի անվան մանկական գեղարվեստական դպրոցի վերականգնման աշխատանքներին՝ առաջնահերթ համարելով մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության գործը: Միայն 1992թ. վերսկսեց իր գեղարվեստական գործունեությունը՝ պահանջ զգալով արդեն ավելի պինդ ու թանձր նյութի: Յուղաներկի միջոցով նա ավելի լավ պիտի կարողանար արտահայտել իր հոգում կուտակված ապրումները:

Սամվելը, սակայն, երկրաշարժի սարսռազդու տեսարաններ չպատկերեց, չգնաց էժան էֆեկտների ճանապարհով: Դարձյալ շարունակեց նատյուրմորտներ նկարել, որոնք արդեն ձեռք բերեցին խորհրդանշական ու այլաբանական իմաստ: Նկարչի ասելիքն ավելի բյուրեղացավ, և հին նկարներում առկա հոգեբանական թաքուն շերտերը միանգամից դուրս ժայթքեցին: Ճիշտ է, ավելացան նաև մուգ գույները, բայց դրանք կարծես ավելի ընդգծեցին լույսի խորհուրդն ու դրա կենսահաստատ ուժը:

Արվեստասերները տպավորվեցին հատկապես նրա «Հայոց գորգապատում» նկարաշարով՝ բաղկացած ինը կտավներից: Դրանցից յուրաքանչյուրում պատկերված ազգային գորգի կամ կարպետի, դրանց զանազան ձևերի ու ծավալների մեջ նկարիչը տեսավ մարդկային կերպարներ: Ծալքերը մերթ ասպետի կերպարանք են ընդունում («Ասպետ»), մերթ վերածվում ծեր կնոջ հիշեցնող «Հուսո հրեշտակի», մերթ էլ հառնում մեր առջև որպես «Գյումրու Տիրամայր»: Վերջինիս մեջ, օրինակ, արվեստասերի հայացքի առջև մանկանը գրկած Աստվածամայրն է՝ շրջապատված մետաղյա գալարներով: Դրանք ցավեցնելու չափ սեղմում են նրա իրանը, ապա վեր բարձրանալով վերածվում սրբապսակի:

Մեր ժամանակների մեծագույն վարպետներից մեկը՝ գեղանկարիչ-ակադեմիկոս Գրիգոր Խանջյանը, այդ աշխատանքները «հայտնություն» համարեց: «Նատյուրմորտներ հայ կերպարվեստում շատ են եղել,– գրեց նա,- դրանցում, սակայն, մեր կարպետը դարեր շարունակ լուռ ֆոն է եղել՝ երբեմն ակտիվ, երբեմն պասիվ: Բայց Սամվել Լաճիկյանի մոտ նույն կարպետը ոգի է առել, կյանք ստացել: Կարծում եմ՝ դրանք նոր խոսք են ոչ միայն երիտասարդ արվեստագետի ստեղծագործության մեջ, այլև մեր արվեստում ընդհանրապես»:

Ոչ միայն բազմաժանր, այլև բազմաոճ նկարիչ է Սամվել Լաճիկյանը: «Իմ ոչ մի նկար մյուսին նման չէ,– ասում է նա, – նույնիսկ եթե որևէ ոճում ես նշանակալի հաջողության եմ հասնում, հաջորդ էտապում փոխում եմ այն»:

Այսպես՝ գորգանկարներից հետո իր գործունեության ամերիկյան շրջանում նա անցում կատարեց «Հայկական մանրանկարչություն» պայմանական անունով նկարաշարին՝ հենված հատկապես Կիլիկյան մանրանկարչության գեղարվեստական ավանդույթների վրա: Դրանք խառը տեխնիկայով արված աշխատանքներ են, որոնցում նորովի են մեկնաբանված ավետարանական հայտնի սյուժեները («Ծնունդ», «Մուտք Երուսաղեմ», «Խաչելություն» և այլն):

Նույն շրջանում տաղանդավոր արվեստագետը ուժերը փորձեց նաև ոսկերչական դիզայնի բնագավառում՝ դարձյալ ունենալով ակնառու ձեռքբերումներ: Որդու՝ Վահեի հետ միասին 2000թ. հիմնեց «Արատտա» ընկերությունը, որի արտադրանքը բարձր գնահատականի արժանացավ ԱՄՆ-ի արտիստական շրջանակներում: Ինքնատիպ մոտեցումներով հարուստ նրա հեղինակային հավաքածուն ցուցադրվեց տարբեր շոուներում (Նյու Յորք, Լոս Անջելես, Լաս Վեգաս, Ֆլորիդա և այլն)։ Եզակի նմուշներ պատրաստեց ամերիկյան շոու-բիզնեսի առանձին ներկայացուցիչների համար (Սնուփ Դոգ, Բաստըր Ռայմս, DMX, Master P, Լուդա Քրիս, ուրիշներ): Քչերը գիտեն նաև, որ Լաճիկյանի՝ չափսերով ամենամեծ աշխատանքներից մեկը՝ «Խորհրդավոր ընթրիքը», զարդարել է փոփ աստղ Մայքլ Ջեքսոնի ննջասենյակը՝ լինելով նրա ամենասիրած գործերից մեկը։

Ողջունելի է, անշուշտ, նման բարձրակարգ նկարչի վերադարձը հայրենիք: Մնում է, որ տեղական իշխանությունները պատշաճ պայմաններ ստեղծեն նրա ստեղծագործական և մանկավարժական գործունեության համար: Արդյունքում տասնյակ պարման-պարմանուհիներ սերտ դաշն կկնքեն գեղեցիկի ու նորին մեծություն արվեստի հետ, դասեր կառնեն նրա արժեքավոր ստեղծագործություններից։

Չմոռանանք նշել Սամվել Լաճիկյանի գործունեության նաև այլ ոլորտների մասին՝ գրքանկարչություն և որմնանկարչություն: Առաջինի ասպարեզում նա մեկ տասնյակից ավելի մանկական գրքերի նկարազարդումների, ինչպես նաև Գյումրի քաղաքի մի քանի մանկապարտեզների ու հասարակական շենքերի որմնանկարների հեղինակ է:

Իր ստեղծագործությունների, հատկապես հաստոցային նկարների մասին Սամվելը խոսում է իբրև շնչավոր էակների՝ գուրգուրանքով ու մտերմիկ շեշտերով: Ավելին՝ դրանք համեմատում է իր զավակների հետ և ոչ մի կերպ չի ուզում բաժանվել դրանցից: Իսկ եթե դա, ի վերջո, պատահում է, անպայման հասկացող ու բարի գնորդի է վաճառում։ Հակառակ դեպքում, գտնում է, որ իր ստեղծագործությունը պատանդ է տարվել: Բոլոր դեպքերում այն համոզմանն է, որ ճշմարիտ արվեստի գործի վերջնական հանգրվանը թանգարանն է։

Այս տարի բոլորում է Սամվել Լաճիկյանի ծննդյան 60-րդ տարեդարձը: Չնայած ստեղծագործական լուրջ ձեռքբերումներին՝ երբեք չի սիրում կանգնած մնալ նույն տեղում կամ պարզապես կրկնել իր անցած ուղու թեկուզ հաջողված որևէ դրվագ: «Ես հոգնում եմ միօրինակությունից»,– սիրում է կրկնել նա՝ ասածը հաստատելով գեղարվեստական նորանոր արժեքներ արարելով:

Լևոն Երվանդյան, արվեստաբան