24 հունիս, 2013 14:45

Բրիտանացի նավաստիներին արգելվել է խմել «կանանց և սիրեցյալների համար» կենացը

Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային ուժերի զինծառայողներին արգելվել է խմել «կանանց և սիրեցյալների համար» ավանդական կենացը, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով ռազմածովային ուժերի պաշտոնական հաղորդագրությանը:

Իր որոշումը բրիտանական ռազմածովային ուժերի հրամանատարությունը բացատրել է «փոփոխություններն արտացոլելու» ցանկությամբ. վերջին քսան տարում նավատորմում մեծացել է ծառայող կանանց թիվը:

Հունիսի 23-ից «կանանց և սիրեցյալների համար» կենացը, որը հաճախ ուղեկցվում էր «և թո՛ղ որ նրանք երբեք չհանդիպեն» խոսքերով, բրիտանացի նավաստիները կփոխարինեն «հանուն մեր ընտանիքների» կենացով:

Բացի այդ՝ նավատորմում սեռերի իրավահավասարության արշավի շրջանակում վերացվում է ևս մեկ ավանդական կենաց՝ «to our men» («մեր տղամարդկանց համար»): Դրան փոխարինելու է եկել «մեր նավաստիների համար» կենացը:

Բրիտանական նավատորմի բազմադարյա ավանդույթի համաձայն՝ շաբաթվա յուրաքանչյուր օր՝ ընթրիքի ժամանակ, արտասանվում է յոթ ավանդական կենացներից մեկը: Կենացների ձևակերպումն ու արտասանման ժամանակացույցն ամրագրված են համապատասխան ուղեցույցում: Այսպես՝ «հանուն մեր ընտանիքների» կենացը կարտասանվի շաբաթ, իսկ «հանուն մեր նավաստիներինը»՝ ուրբաթ օրերին: