24 հունիս, 2013 14:36

Երևանի քաղաքապետարանը 3 տարում 568 ապօրինի շինություն է ապամոնտաժել

Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտներում իրականացվող հսկողության շրջանակում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող աշխատանքի արդյունքում արձանագրվել է ինքնակամ շինությունների կառուցման և հողազավթումների դեպքերի էական նվազում, ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում:

Սրան նպաստել են քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից ըստ վարչական շրջանների իրականացվող ամենօրյա շրջայցերն ու դրանց արդյունքում հարուցվող վարչական վարույթների հիման վրա կիրառվող վարչական պատասխանատվության միջոցները: Ըստ այդմ, առաջին անգամ իրավախախտում կատարող անձի նկատմամբ կիրառվում է վարչական տուգանք` 200-400 հազ. դրամի չափով: Տուգանք նշանակելուց հետո ապօրինի շինարարությունը շարունակելու կամ հողազավթումը չվերացնելու դեպքում  կիրառվում է կրկնակի վարչական պատասխանատվություն և իրավախախտում կատարած անձի նկատմամբ նշանակվում է 2,5 մլն դրամի չափով տուգանք։ 2010-2013 թթ. ընթացքում ոլորտում կատարված աշխատանքների վերլուծությունը ցույց է տվել, որ 2010-2011 թթ. կազմված արձանագրությունների համեմատ (որոնք համապատասխանաբար եղել են թվով 445 և 282) 2012թ. դրանք նվազել են, և արձանագրվել է 149 դեպք: Խախտումները  2010թ. նկատմամբ նվազել են մոտ 3, իսկ 2011թ. նկատմամբ՝ 1,9 անգամ։ 2013թ. հունվար-փետրվար ամիսներին կազմվել է 70 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նույնպես նվազման միտում ունի (նախորդ տարի դրանց թիվը կազմել է 81):

Ինչպես տեղեկացրել է քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը, ցուցանիշների նվազման վրա էական ազդեցություն են թողել նաև իրականացվող վարչարարության գործընթացները` հայտնաբերված իրավախախտումների հետագա ընթացքի նկատմամբ համապատասխան հսկողություն իրականացնելու առումով, որի արդյունքում առաջին անգամ տուգանք նշանակելուց հետո  շարունակվող ապօրինությունների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման կրկնակի արձանագրություններ և նշանակվել 2,5 մլն դրամի չափով տուգանքներ։ 2010-2013 թթ., ընդհանուր առմամբ, 568 ապօրինի շինություն է ապամոնտաժվել:

Վարչության պետի խոսքով՝ համապատասխան վարչարարություն իրականացնելու նպատակով պարբերաբար շրջայցեր են կազմակերպվում նաև նախորդ տարիներին հայտնաբերված իրավախախտման դեպքերի գտնվելու վայրեր՝ տեղում փաստացի իրավիճակին ծանոթանալու համար:

Իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ կազմելուց և իրավախախտումների նկատմամբ վարչական տուգանքներ նշանակելուց բացի` օրենսդրության  պահանջներից ելնելով, քննարկվում են նաև իրականացված ապօրինությունների հետագա ընթացքի վերաբերյալ հարցերը, որի արդյունքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների համատեղ ուժերով միջոցներ են ձեռնարկվում ինքնակամ շինությունների քանդման և հայտնաբերված հողազավթման դեպքերի վերացման ուղղությամբ: