Օմբուդսմենը «սուտ» է որակել Խ. Ստամբոլցյանի հերթական հայտարարությունը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձագանքել է «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում նա անդրադարձել էր Կենտրոն հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» ծրագրի եթերում «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Խաչիկ Ստամբոլցյանի արած հայտարարությանը, թե ՄԻՊ-ի կողմից շրջանառության մեջ դրված «Խտրականության մասին» օրենքի նախագծի հարցով ինքը խոսել է օմբուդսմենի հետ և վերջինն իբր ասել է, թե երախտագետ կլինի Ստամբոլցյանից, եթե նրա պայքարի արդյունքում այդ օրենքը չընդունվի:

ՄԻՊ գրասենյակի տարածած հայտարությունում մասնավորապես ասված է. «Բավարարելով Հովսեփ Խուրշուդյանի հետաքրքրությունը հայտնում ենք հետևյալը. արդեն մեկ անգամ Պաշտպանի աշխատակազմը պաշտոնապես բացահայտել և հերքել է Խաչիկ Ստամբոլցյանի կողմից տարածած ստերը: Վերջին անգամ պաշտոնապես հայտարարում ենք, որ Խաչիկ Ստամբոլցյանը ստեր և հերյուրանքներ է տարածում Պաշտպանի և իր աշխատակազմի հասցեին՝ աղավաղելով իրականությունը: Իրականությանը համապատասխանում է, թերևս, միայն այն, որ պաշտպանն իրոք ընդունել է Խաչիկ Ստամբոլցյանին, ինչպես ընդունում է հարյուրավոր տարբեր բնույթի և տարբեր խնդիրներով քաղաքացիներին»:

Խուրշուդյանն իր գրառման մեջ կարծիք էր հայտնել, որ եթե Ստամբոլցյանը ճիշտ է, ապա ստացվում է, որ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ստիպված է պաշտպանում քաղաքացիների իրավունքները, և նա «պետք է հրաժարական տա և անցնի ուժ և տոկունություն չպահանջող, ավելի հանգիստ գործի, իսկ եթե այս ամենը սուտ է`օմբուդսմենը պետք է հանդես գա հերքումով»:

Մեկնաբանել