Ռազմավարական պատուհաս

«Գիտեք, Ռուսաստանը առևտրային հարաբերություններ ունի բոլոր երկրների հետ, և ցանկացած երկիր, որը զենք գնելու ցանկություն կունենա, հնարավորություն կստանա օրենքի սահմաններում Ռուսաստանի Դաշնությունից զենք գնել»,– ասել է Նիկոլայ Պատրուշևը:

Հայաստանյան քաղաքական ու լրատվական շրջանակներում բուռն քննարկման առարկա են դարձել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին շուրջ 1 մլրդ դոլարի զենք-զինամթերքի մատակարարումները: Այս տեղեկատվությունն ակնհայտորեն հակառուսական տրամադրություններ է առաջացրել հայ հանրության շրջանում: Շատերը ՀՀ իշխանություններից պահանջում են պաշտոնական Մոսկվայից բացատրություն պահանջել, թե ինչ տրամաբանությամբ է մեծ քանակությամբ զենք-զինամթերք վաճառում իր ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ պատերազմական իրավիճակում գտնվող Ադրբեջանին:

Սկզբնական շրջանում ռուսական կողմը պաշտոնական մակարդակով ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում էր Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ տեղեկատվությունը:

Սակայն պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը երեկ Գյումրիում բավական կոշտ բացատրություն է տվել: Նա, խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցի վերաբերյալ, նշել է. «Գիտեք, Ռուսաստանը առևտրային հարաբերություններ ունի բոլոր երկրների հետ, և ցանկացած երկիր, որը զենք գնելու ցանկություն կունենա, հնարավորություն կստանա օրենքի սահմաններում Ռուսաստանի Դաշնությունից զենք գնել» (Galatv.am):

Այսինքն՝ պաշտոնական Մոսկվան ռազմավարական ապտակ է հասցնում ռազմավարական գործընկեր Հայաստանին և հասկացնում, որ ռազմավարական դաշնակցությունից բացի՝ գոյություն ունեն առևտրային հարաբերություններ, որոնք շատ դեպքերում դոմինանտ են:

Նույնիսկ այն հանգամանքը, որ Հայաստանն անդամակցում է Ռուսաստանի հովանու ներքո գործող ՀԱՊԿ անվտանգության համակարգին, չի խոչընդոտում պաշտոնական Մոսկվային զինել այդ համակարգի անդամ չհանդիսացող, փաստացի նրա հետ պատերազմող Ադրբեջանին:

Որ Ռուսաստանը Հարավային Կովկասում հետապնդում է իր ռազմավարական շահերը, որոնք շատ դեպքերում չեն համընկնում Հայաստանի ազգային շահերին, երբևէ նորություն չի եղել: Առնվազն 19-րդ դարից սկսած՝ Ռուսաստանը իր տիրապետության տակ գտնվող տարածաշրջանների վրա վերահսկողությունը պահպանել է միջէթնիկական կոնֆլիկտներ հրահրելով և արբիտրի դեր ստանձնելով:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հարավային Կովկասում ռուսական վերահսկողությունը պահպանվում է արդեն միջպետական կոնֆլիկտների և էներգետիկ մահակի հաշվին: Պարբերաբար զինելով Ադրբեջանին ու Հայաստանին՝ Մոսկվան մեծացնում է այդ երկրների կախվածությունը իր ռազմական արսենալից՝ զուգահեռաբար մեծացնելով նաև քաղաքական ազդեցությունը երկու երկրներում:

Այլ հարց է, որ ՀՀ գործող իշխանությունները տեսանելի և բազմաթիվ ստվերային թելերով կախված են Ռուսաստանից, ինչի արդյունքում ի վիճակի չեն համարժեք կամ ընդհանրապես պատասխան տալ ռուսներին: Մեծ հաշվով՝ գիտենալով այս մասին՝ հասարակությունն իր հերթին չարդարացված ակնկալիքներ ունի Ռուսաստանից և նման տեղեկատվության յուրաքանչյուր դեպքից հետո խոր հիասթափություն է ապրում, ինչը որոշ ժամանակ անց մոռացվում է:

Մեկնաբանել