26 հունիս, 2013 11:40

Մտավախություններ՝ Վիլնյուսից առաջ

Ակնկալվում է, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների գագաթաժողովին Հայաստանը Եվրոպական Միության հետ կստորագրի Ասոցացման համաձայնագիրը, ինչպես նաև Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը:

ԵՄ-ի հետ ինտեգրացիան Հայաստանի համար, իհարկե, այլընտրանք չունի: Սակայն վերջին օրերին մի շարք ուշագրավ իրադարձություններ մտավախության առիթ են ներշնչում այդ առումով: Նախօրեին, օրինակ, «Ռեգնում» գործակալության հետ զրույցում Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, խոսելով Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության մասին, ասել է, որ դա «ձեռնտու է այն առումով, որ Ռուսաստանից ներկրում ենք միջուկային վառելիք և գազ»: «Պետք է պարզապես վերցնել տվյալները և ուսումնասիրել Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալները, որքանով են մեր ապրանքները մրցունակ այլ շուկաներում, և ուրիշ ո՛ր երկրների հետ մենք ունենք Ռուսաստանի հետ համադրելի ապրանքաշրջանառություն: Արդյունքում մենք կտեսնենք, որ այդ ձևաչափը բավականաչափ առավելություն է տալիս»,– ասել է նա:

Ճիշտ է՝ էներգետիկայի նախարարը չի որոշում Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությունը, սակայն նրա ակնարկները որոշակի մտավախության հիմք են տալիս, որ Ռուսաստանը Հայաստանին զուգահեռ գործընթաց է պարտադրում իր նախաձեռնություններում՝ Մաքսային միությունում և Եվրասիական միությունում ընդգրկվելու համար:

Ուշագրավ է, որ նախօրեին Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցիչը հայտարարեց իր իրականացրած մի հետազոտության արդյունքների մասին, ըստ որի՝ Հայաստանում քաղաքացիների 61%-ը կողմ է արտահայտվել Մաքսային միությանն անդամակցելուն: Gallup Inc հեղինակավոր կազմակերպության հետ որևէ կապ չունեցող այս կազմակերպության ուսումնասիրությունը տարակուսանք է առաջացնում դրա իրական շարժառիթների վերաբերյալ: Այս կազմակերպությունը հայտնի է նրանով, որ արտահայտում է ոչ թե հարցման արդյունքները, այլ պատվիրատուի պահանջները, և Հայաստանում ակտիվանում է հատկապես ընտրությունների ժամանակ՝ մշտապես կանխատեսելով իշխանության թեկնածուների հաղթանակը:

Ներկա իրավիճակում Հայաստանի ղեկավարությունը պետք է հստակ վերահաստատի՝ արդյոք եվրոպական ինտեգրացիան առաջնահերթությո՞ւն է մնում իր համար: Այլապես կասկածները խորանում են, որ Հայաստանը հնարավոր է՝ ինչ-որ թուղթ նախաստորագրած լինի Մոսկվայի հետ՝ ներգրավվելով վերջինիս ինտեգրացիոն գործընթացներում:       

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: