Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հորեղբայրը 70 մլն եվրոյով (92,5 մլն դոլար) վաճառել է Փարիզի կենտրոնում գտնվող իր առանձնատունը, գրել է The Times-ը: Որոշ տվյալներով՝ քաղաքի կենտրոնում գտնվող յոթ-հարկանի շենքը գնել է ռուս օլիգարխ, որի անունը չի հաղորդվում:
Ըստ The Times-ի՝ Ռիֆաթ Ասադն անշարժ գույքը վաճառքի էր դրել դեռ 2012-ին և մտադիր էր վաճառքից ստանալ 100 մլն եվրո, սակայն շենքը չի վաճառվել, և Բաշար Ասադի ազգականը գինն իջեցրել է 30 մլն-ով:
75-ամյա Ռիֆաթ Ասադը արտաքսման մեջ է 1984-ից ի վեր՝ Սիրիայի ներկայիս նախագահ Բաշարի հորն ու իր եղբորը՝ Հաֆեզ Ասադին տապալելու և պետական հեղաշրջում իրականացնելու անհաջող փորձից հետո: Ռիֆաթ Ասադի հանդեպ լրատվամիջոցների ուշադրությունը մեծացել է սիրիական հակամարտությունից հետո: Լրագրողները հայտնաբերել են նաև Բաշար Ասադի ազգականին պատկանող այլ անշարժ գույք: Մասնավորապես, ըստ ֆրանսիական թերթերի, Ասադն ունի նստավայր Վալ դ՚Ուազում և մի քանի տասնյակ բնակարաններ Փարիզի արևմուտքում: Daily Mail-ի փոխանցմամբ՝ Ռիֆաթ Ասադին պատկանող անշարժ գույքի թվում է նաև 10 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ առանձնատունը Լոնդոնում: