Բրազիլիան շարունակում է զիջել ցուցարարներին

Բրազիլիայի Կոնգրեսը 430 կողմ և 9 դեմ ձայներով մերժել է Սահմանադրության մեջ առաջարկված փոփոխությունը: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս օրինագծի մերժումը վերջին շաբաթներին բրազիլական փողոցներում տեղի ունեցող հակակառավարական բողոքի ակցիաների մասնակիցների հիմնական պահանջն էր:

Oրինագիծը, որ ստացել է PEC 37 անունը, նախատեսում էր սահմանափակել դաշնային դատախազության լիազորությունները քրեական հանցագործությունների հետաքննության ժամանակ: Նմանատիպ գործերի վարման բացառիկ իրավունքը տրվելու էր ոստիկանությանը: Ըստ ցուցարարների` օրինագծի ընդունումը կհանգեցներ կոռուպցիոն դրսևորումների խորացմանը:

Ներկայում Բրազիլիայի իշխանությունները պարբերաբար հանդես են գալիս ցուցարարների պահանջները կատարելու պատրաստակամությամբ: Մասնավորապես` Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը քաղաքական համակարգի փոփոխության նպատակով առաջարկել է հանրաքվե անցկացնել: Նա նաև խոստացել է 50 մլրդ ռեալ ($25 մլրդ) ներդնել հասարակական տրանսպորտի ոլորտում, որի սակագների բարձրացումը ցուցարարների հիմնական դժգոհության պատճառներից մեկն է: Իսկ Սենատի խոսնակ Ռենան Կալխեյրոսն առաջարկել է ուսանողների համար տրանսպորտով երթևեկելը միանգամայն անվճար դարձնել:

Մեկնաբանել