Ոստիկանությունը ցրել է ցույցը Անկարայում

Թուրք ոստիկանները արցունքաբեր գազի և ջրաշիթի միջոցով մայրաքաղաք Անկարայում ցրել են բողոքի ակցիայի մասնակիցներին, հաղորդում է BBC-ն։

Համաձայն թուրքական լրատվամիջոցների հաղորդման՝ ձերբակալվել է անկարգությունների կազմակերպման մեջ կասկածվող երկու տասնյակ մարդ։ Ցուցարարներից ոմանք քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ։

Միաժամանակ հազարավոր մարդիկ ցույցի են մասնակցել Ստամբուլի կենտրոնական «Թաքսիմ» հրապարակում։ Ակցիայի մասնակիցները դժգոհություն են հայտնել Թուրքիայի իշխանությունների՝ ենթադրաբար ցուցարարներից մեկին սպանած (գլխին կրակելով) ձերբակալված ոստիկանին մինչև դատն ազատ արձակելու մտադրության կապակցությամբ։

Միջադեպի տեսագրությունը, որը տեղադրվել է ինտերնետում, երկրում դժգոհության նոր ալիք է բարձրացրել։ Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ կրակոցը պատահական է եղել։

Անցյալ ամիս սկսված ցույցերի սկզբից ի վեր ընդհանուր առմամբ զոհվել է չորս մարդ։

Զանգվածային ցույցերը, որոնք ավելի քան երեք շաբաթ է՝ չեն դադարում ամբողջ Թուրքիայում, սկսվեցին Ստամբուլի Գեզի այգում ծառերի հատման դեմ ուղղված ակցիայից։ Սակայն հետագայում դրանք վերածվեցին ավելի ընդգրկուն բողոքի՝ ուղղված Թուրքիայի կառավարության իսլամիստական քաղաքականության դեմ։

Հունիսի 25-ին ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները աջակցեցին Գերմանիայի առաջարկին՝ չորս ամսով հետաձգել Թուրքիայի՝ Եվրամիությանն անդմակցելու վերաբերյալ բանակցությունները Գեզի այգու պայքարում թուրքական կառավարության կոշտ դիրքորոշման պատճառով։

Մեկնաբանել