27 հունիս, 2013 18:37

Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ դեսպաններն այցելել են Ամուլսարի հանքավայր

Հունիսի 26-ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը և ԱՄն դեսպան Ջոն Հեֆերնը այցելել են Ամուլսարի հանքավայր և շրջակա գյուղերից երկուսը՝ Գորայք և Գնդեվազ, ասված է Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Գեոթիմ» ՓԲԸ-ի տարածած հաղորդագրությունում: «Գեոթիմը» «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, իսկ «Լիդիան ինթերնեյշնլի» խոշոր բաժնետերեր են Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ):

Հաղորդագրության համաձայն` այցելության նպատակն էր ծանոթանալ ծրագրի մանրամասներին և «Գեոթիմի» կողմից Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական զարգացման որոշ ծրագրերի:

Այցելության ընթացքում «Գեոթիմի» և «Լիդիանի» հանքարդյունաբերական, բնապահպանական և սոցիալական թիմերը ներկայացրել են մանրամասներ՝ ծրագրի ներկա փուլի, ինչպես նաև Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման ընթացքի և Հայաստանում համապատասխան թույլտվությունների տրամադրման վերաբերյալ:

«Անցյալ շաբաթ Մեծ ութնյակի գագաթաժողովին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը ընդգծեց, որ կարևոր է, որ երկրները և ընկերությունները աշխատեն միասին՝ արդյունահանող ոլորտում համընդհանուր չափանիշների հաստատման ուղղությամբ,- ասել է Քեթրին Լիչը` նշելով, որ որպես Մեծ Բրիտանիայիում տեղակայված ընկերություն` «Լիդիան ինթերնեյշնլը» ներկայացնում է բրիտանական պոտենցիալ ամենախոշոր ներդրումային ծրագիրը Հայաստանում: -Մեզ համար կարևոր է, որ ծրագրին աջակցում են այնպիսի ներդրողներ, ինչպիսիք են ՄՖԿ-ն և ՎԶԵԲ-ը, որոնք պահանջում են հանքարդյունաբերության ոլորտում ամենաբարձր միջազգային չափանիշները: Սա ներառում է նաև շրջակա համայնքների տեղեկացվածության և համայնքների համար ծրագրից դրական տնտեսական և սոցիալական օգուտների ապահովում»: 

ԱՄՆ դեսպան Հեֆերնը, իր հերթին, ասել է. «Լիդիան ինթերնեյշնլի» Ամուլսարի հանքավայրը ներկայացնում է Հայաստանում կարևոր օտարերկրյա ներդրումային ծրագիր:

«Քանի որ ընկերության բաժնետերերից շատերը ներդրողներ են ԱՄՆ-ից, ես ցանկություն ունեցա ծրագրին ավելի լավ ծանոթանալու: Ծրագիրը Հայաստանում զգալի տնտեսական ազդեցություն ունենալու պոտենցիալ ունի և մենք հույս ունենք, որ այն օրինակ կլինի առ այն, որ հանքարդյունաբերական ընկերությունը կարող է գործել պատասխանատու՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան»,- հավելել է դեսպանը:

Ավելի վաղ (հունիսի 3-7-ը) ՄՖԿ-ի և ՎԶԵԲ-ի պատվիրակություններն այցելել էին Ամուլսար և շրջակա համայնքներ՝ Սարավան, Գնդեվազ և Գորայք, ինչպես նաև Ջերմուկ քաղաք, աշխատանքային քննարկումներ ունեցել «Լիդիանի» և «Գեոթիմի» հետ, հանդիպել Հայաստանի կառավարության մի շարք անդամների հետ և այցելել: Նրանք խոստացել էին Ամուլսարում հետևել բնապահպանական և սոցիալական ամենաբարձր չափանիշներին: