Կառավարության երեկվա նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը մի քանի ուշագրավ հայտարարություններ արեց, որոնք հուշում են, որ նա իր անվան հետ կապված օֆշորային սկանդալի հարցում որևէ տրամաբանական արդարացում կամ բացատրություն չունի:
«Օֆշորային գոտու հետ կապված քաղաքական սպեկուլյացիաներ կան, ինչ հեքիաթներ ասես, որ չեն հորինում՝ փորձելով վարկաբեկել: Ամբողջական տեղեկատվությունը հասանելի է լինելու զանգվածային լրատվական միջոցներին»,– ասաց վարչապետը:
Օֆշորային սկանդալը քաղաքական սպեկուլյացիա որակելը ամենահարմար տարբերակն է արդարանալու, քանի որ այդ պարագայում նրա նկատմամբ հնչեցվող քննադատությունները կարող են ընկալվել քաղաքական պատվեր, այսինքն՝ սուբյեկտիվ քննադատություն:
Փաստացի, Տիգրան Սարգսյանը կասկածելի զուգադիպությամբ սկանդալից պաշտպանվում է մեկ օր առաջ մամուլում հայտնված այն տեղեկատվության տրամաբանության շրջանակներում, թե իբր օֆշորային սկանդալը տաք պահելու համար «հայտնի շրջանակների կողմից ծախսվել է 100 հազար ԱՄՆ դոլար»: Սակայն տարօրինակն այն է, որ այս ընթացքում ամենապասիվ դիրքորոշումը օֆշորային սկանդալի շուրջ որդեգրել են հենց քաղաքական ուժերը:
Բացառությամբ մի քանի դեպքերի՝ քաղաքական դաշտի մեծամասնությունը իրեն խիստ զգուշավոր է պահում: Իսկ օֆշորային սկանդալը տաք է պահվում բացառապես առանձին վերցրած մի քանի լրատվամիջոցների ջանքերի շնորհիվ: Շատ կասկածելի է, թե իրականում սկանդալի շուրջ ով է հեքիաթներ պատմում՝ լրատվամիջոցնե՞րը, թե՞ դրանում ներգրավված անձինք:
Կառավարության նիստին Տիգրան Սարգսյանի հայտարարություններից ուշագրավ էր նաև կառավարության առաջ բողոքող քաղաքացիների առկայությունը, որը պայմանավորեց «միջին օղակի չինովնիկների գործունեությամբ»: «Շատ հաճախ մարդիկ, որ բողոքում են կառավարության մոտ, նրանց այստեղ հայտնվելը պայմանավորված է նրանով, որ միջին օղակի չինովնիկները նրանց պատասխանում են՝ մենք ի՞նչ անենք, կառավարությունը պետք է որոշում ընդունի: Այդ մարդիկ կա՛մ կոմպետենտ չեն, կա՛մ հատուկ են անում, մարդկանց ուղղորդում են այստեղ՝ ցույցերի»,– ասաց նա: Սա ևս պատասխանատվությունից խուսափելու յուրօրինակ մարտավարություն է, երբ մեղավոր են բոլորը՝ բացի բարձրագույն իշխանությունից:
Պետական ապարատի մանր ու միջին օղակներին զրկելով ինքնուրույնությունից և նրանց դարձնելով հլու-հնազանդ կամակատարներ՝ բնական է, որ քաղաքացիների տարատեսակ դժգոհությունների ուղղակի հասցեատերերը դառնալու են վարչապետն ու նախագահը: