Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 1-ին ընդունել է Հայաստանում դատախազական ծառայության 95-ամյակի առիթով եվրոպական մի շարք երկրներից և ԱՊՀ-ից Հայաստան ժամանած գլխավոր դատախազների պատվիրակությանը, որոնք Երևանում մասնակցում են նաև Հայաստանի դատախազության մասնագիտական տոնի առթիվ տեղի ունեցող միջոցառումներին, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:
Նախագահը ողջունել է հյուրերին Հայաստանում և կարևորել նրանց այցը փորձի փոխանակման, տարբեր երկրների և հասարակությունների առջև օրինականության, իրավակարգի և կայունության ապահովման առումով ծառացած արդի մարտահրավերներն ու սպառնալիքները քննարկելու, դրանց դիմակայման արդյունավետ ուղիներ գտնելու տեսանկյունից ևս:
Ընդգծելով, որ 21-րդ դարում աշխարհի որևէ երկիր ի վիճակի չէ միայնակ արդյունավետ պայքար իրականացնել կազմակերպված հանցավորության դեմ, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այն բոլոր երկրներին, որոնք սերտորեն համագործակցում և իրավական աջակցություն են ցուցաբերում Հայաստանին:
Նախագահը հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային պարգևատրել է Պատվո շքանշանով՝ արդարադատության ոլորտում հայ-ռուսական համագործակցության մեջ ներդրած նշանակալի ավանդի համար: Նախագահը շնորհավորել է Յուրի Չայկային ՀՀ պետական բարձր պարգևի արժանանալու համար և նրան ու հանդիպմանը մասնակցող օտարերկրյա մյուս պետությունների գլխավոր դատախազներին մաղթել հաջողություններ՝ իրենց կարևորագույն գործում:
ՌԴ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին՝ իր գործունեությունը նման բարձր գնահատականի արժանացնելու և պարգևի համար՝ խորհրդանշական համարելով, որ պարգևատրման արարողությունը տեղի է ունենում ՀՀ դատախազության 95-ամյակի տոնակատարության օրերին: Նրա խոսքով` Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների աշխատողները, իրավամբ, հպարտանում են համատեղ պատմության փառավոր էջերով և հաղթանակներով: Յուրի Չայկան գոհունակությամբ է փաստել, որ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև ձևավորվել են հարաբերություններ, որոնք լիարժեքորեն կարող են կոչվել ռազմավարական գործընկերություն: ՌԴ գլխավոր դատախազը կարևորել է ոչ միայն երկկողմ փոխգործակցությունը, այլ նաև ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների կորդինացիոն խորհրդում, Եվրոպայի խորհրդի մարմիններում, ինչպես նաև Դատախազների միջազգային ասոցիացիայի շրջանակում համատեղ արդյունավետ աշխատանքը: