2 հուլիս, 2013 09:43

Պալատական վերահսկիչ

Բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ հրավիրված քննարկմանը Սերժ Սարգսյանը փորձեց վերջ դնել իշխանության ներսում զարգացող ներկլանային պայքարին:

Վերահսկիչ պալատի նախագահի գործունեության հետ կապված Սերժ Սարգսյանի հնչեցրած գնահատականները մտահոգիչ են: «Ցավոք սրտի, շատ դեպքերում մեր Վերահսկիչ պալատը վեր է ածվել տեսչական մարմնի, վեր է ածվել պարզ ռևիզորի… Դուք պարզ պետք է հասկանաք, որ որևէ մեկը Ձեր կարծիքը չի ակնկալում լսել: Բոլորի համար մեկ է, թե Դուք ինչ կարծիք ունեք դատախազության մասին կամ մեկ ուրիշի մասին: Դուք հիասթափված եք, ոգևորված եք, դա Ձեր անձնական խնդիրն է: Ձեր տանը կարող եք դրա մասին խոսել: Երբ գաք իմ կաբինետ, իմ կաբինետում կարող եք դրա մասին խոսել: ՎՊ նախագահն ի՞նչ իրավունք ունի այդպիսի հրապարակային արտահայտություններ անել»,– հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Դրանով նա փաստացի փորձ է անում Վերահսկիչ պալատի հետագա գործունեությունը տեղավորել ոչ թե Սահմանադրության և օրենքների, այլ իր պատկերացումների շրջանակում: Իհարկե, Սերժ Սարգսյանն իրավունք ունի պատկերացումներ ունենալ այս կամ այն գերատեսչության գործառույթների և դերակատարության մասին, սակայն պետական գերատեսչությունները պետք է առաջնորդվեն ոչ թե այդ պատկերացումներով, այլ ՀՀ օրենքներով և Սահմանադրությամբ, որոնք կարող են և չհամընկնել այդ պատկերացումների հետ:

Իրականում Վերահսկիչ պալատի նախագահին և գլխավոր դատախազին տրված դասերը նպատակ էին հետապնդում կանխել բուրգի ներսում օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների սրվող հակամարտությունը: Խնդիրն այն է, որ Հովիկ Աբրահամյան-Տիգրան Սարգսյան կիսաքողարկված հակամարտության ընթացքում Իշխան Զաքարյանը կամա թե ակամա դիրքավորվել էր Հովիկ Աբրահամյանի շահերի ոլորտում: Այս հանգամանքն ակնհայտորեն դուր չի եկել գործող նախագահին, քանի որ վերջինս բոլոր հնարավոր միջոցներով փորձում է պաշտպանել վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Հակառակ դեպքում կոռուպցիոն ռիսկերով իբր մտահոգված Սերժ Սարգսյանը պարզապես պետք է որ չշրջանցեր Տիգրան Սարգսյանի անվան հետ կապվող օֆշորային սկանդալը և որևէ գնահատական տար այդ աղմկահարույց հրապարակումներին: Սակայն շրջանցելով թեման և դրանով անուղղակիորեն կոռուպցիոն սկանդալի հարցում պաշտպանելով Տիգրան Սարգսյանին՝ Սերժ Սարգսյանը փորձեց կանխել Հովիկ Աբրահամյանի ինքնագործունեությունը և ապահովել իշխանական բուրգի մոնոլիտությունը:
Երեկ ԱԺ նախագահը շտապեց հայտարարել, որ «օֆշորային սկանդալին» չի հավատում:  

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: