Գլուխկոտրուկ

Գնալով ավելի ակնառու է դառնում, որ Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը խիստ տհաճ անակնկալ է մատուցել Հայաստանի իշխանություններին: Իշխանության օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերի ներկայացուցիչները Կիպրոսի դատախազի հայտարարության վերաբերյալ հարցից ընկնում են շփոթմունքի մեջ՝ չկարողանալով քիչ թե շատ իշխանահաճո մեկնաբանություններ անել: Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը ազդակներ է հղել, որ անհրաժեշտ է մոռանալ Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի մասին, մինչդեռ Կիպրոսի դատախազի հայտարարությունը, որ հնարավոր չէ առանց անձի ներկայության կամ համաձայնության կիպրոսյան օֆշորում ընկերություն գրանցել, ստիպել է, որ իշխանության ներկայացուցիչները ամեն դեպքում առնվազն չմոռանան Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալը: Սակայն որքան ստիպված են լինում ինչ-որ բան ասել այդ թեմայով, այդքան խորացնում են Տիգրան Սարգսյանի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակը:

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, որի լոյալությունը գործող իշխանությունների նկատմամբ բազմիցս ապացուցվել է, երեկ նույնպես ստիպված է եղել օֆշորային սկանդալի հետ կապված ըստ էության սենսացիոն հայտարարություն անել, որը հակասում է այս հարցում իշխանությունների որդեգրած քաղաքականությանը: Կիպրոսի դատախազի ասած վերաբերյալ Գագիկ Հարությունյանը մասնավորապես ասել է. «Իրավունք չունեմ չհավատալ: Ինքը ավելի լավ գիտի իրենց օրենսդրությունը, քան ես՝ ինչպե՞ս կարող եմ չհավատալ»: Այսինքն Սահմանադրական դատարանի նախագահը ըստ էության կասկածի տակ է առնում Տիգրան Սարգսյանի այն մեկնաբանությունը, որ Կիպրոսի օֆշորում իր անունով ընկերություն են գրանցել առանց իր իմացության:

Օֆշորային սկանդալի հարցում բավական զգուշավոր դիրքորոշում է որդեգրել արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա հրաժարվել է որևէ մեկնաբանություն անել Կիպրոսի դատախազի հայտարարության վերաբերյալ՝ նշելով. «ՀՀ արդարադատության նախարարը չի պատասխանելու այն հարցերին, որոնք նախաքննության փուլում են, դատախազության վարույթում, ոստիկանությունում: Եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի իմ պատասխանները կարող են ազդել պրոցեսների վրա, ուստի այդ հարցերին չեմ պատասխանում»:

Իշխանության նման խուճապային և հակասական հայտարարությունները ցույց են տալիս, որ Տիգրան Սարգսյանին այդքան հեշտ չի լինելու մարսել օֆշորային սկանդալը:

Մեկնաբանել