Թաղել է հարկավոր բոլոր մեռելներին…

Երկար էի մտածում՝ ինչպես գրել։ Մի քանի անգամ փորձեցի, չստացվեց, չնայած գիտեի՝ ինչ եմ ուզում։ Չնայած ստացվել է, ու բավական վաղուց, Չարենցի մոտ՝ «Երկիր Նաիրի»։ Ծանոթ կթվա, չափազանց ծանոթ։ Առիթ է, միգուցե պոեմանման այս վեպը (վեր)ընթերցեք։

«Սույն այս վեպի առաջին մասում ես փորձեցի պատկերել նաիրյան այդ քաղաքն իր բոլոր հին ու նոր հրաշալիքներով, ջանացի տալ նրա բնակիչների կենցաղը կամ, ավելի լավ է ասել— կենցաղային կոլորիտը, ընդհանուր գույնը միայն ո՛չ թե մանրամասնը— այնպես, ինչպես տեսել եմ նաիրյան այդ քաղաքը ես, ինչպես պատկերացել է նա ինձ, այդ քաղաքը ճանաչողիս: Սրտի անհուն թրթիռով ես ձեռնամուխ եղա նրա նկարագրությանը, սիրելի ընթերցող, որովհետև սիրելի է նա ինձ, որպես մանկության օրորան, ծանոթ են նրա բնակիչներն ինձ, ինչպես հինգ մատս կամ այս գրիչս, որով գրում եմ հիմա: Կրկնում եմ՝ սրտի բուռն տրոփով սկսեցի գրել նաիրյան այդ քաղաքի պատմությունը, բայց հիմա, երբ ուզում եմ անցնել նրա հետագա օրերին ու դեպքերին, պատկերել նրա օրերն ու վաստակները— դառն, ծանր մի մորմոք թանձրանում է սրտիս, ուտում է սիրտս: Մի անգամ չգիտեմ շուկա՞ էի գնում, թե վերադառնում էի շուկայից, երբ անհեթեթ մի պատկեր գրավեց ուշադրությունս: Փողոցի մեջտեղով գնում էր բավականին տարիքոտ, միջահասակ մի մարդ, որ արտաքինով նման էր գավառցի վարժապետի կամ փոստ֊հեռագրային ցրիչի, և, գլխի վրա դրած, տանում էր— երևակայո՞ւմ եք— դեղնավուն մի դագաղ: Անձրև էր, ցեխոտ փողոց. ցեխը հարիսայի նման ճպճպում, կպչում էր ոտքերին. այդ մարդը ահա, գավառցի այդ վարժապետը, տանում էր, գլխի վրա դրած, իրենից շատ ավելի ծանր մեծ մի դագաղ: Դեմքը չէր երևում, բայց մեջքի և ծնկների լարված կորությունը խիստ արտահայտիչ կերպով ցուցադրում էին, որ նա դժվարությամբ է տանում այդ բեռը, բայց ինչ գնով էլ լինի, ուզում է տեղ հասցնի, միայն թե հասցնի: Երևի մայրն էր մահացել կամ կինը, կամ որդին— ո՞վ իմանա: Նա լարել էր ուժերը. դագաղի ծանրությունից կզակը կպել էր կրծքին. մեջքը չէր կարողանում միևնույն կորությամբ պահել. այնպես որ դագաղը մերթ առաջ, մերթ ետ կշռվելով, քսվում էր ցեխերին: Ինչի՞ համար էր այդպես նա չարչարվում, ինչի՞ պիտի հանդիպեր այդ խեղճ վարժապետը տեղ հասնելիս…— Մի սիրած— դե՛, եթե ոչ սիրած, գոնե հարազատ մեռելի, որին նո՛ւյն այդ դագաղը դրած պիտի հանձներ հողին— ահա թե ինչո՞ւ էր այդպես անմխիթար. այդպես անօգնական ջանքերով, դագաղը նվացող ողնաշարին հպած, դեպի տուն շտապում այդ տխուր վարժապետը… Այդպես էլ ե՛ս, ընթերցո՛ղ, ճի՛շտ այդ վարժապետի նման.— ո՞ւր եմ գնում: Ինչո՞ւ եմ հպել— բայց ո՛չ թե ողնաշարիս, այլ գանգիս ուղեղին դագաղանման այս բեռը, ուզում եմ տեղ հասցնեմ… ո՞ւր: Եվ մի՞թե այնտեղ, տքնությանս վերջում, որպես նվիրական, սիրելի մի մեռել— չպիտի՞ պատկերանա ինձ Երկիրը Նաիրի, որին դամբանելու համար տանում եմ ես ահա խոհերիս տողաշար դագաղը— տանում եմ կամքիս հակառակ, որովհետև, այո, հարկավոր է տանել: Չէ՞ որ, այո՛— թաղել է հարկավոր բոլոր մեռելներին, որքան էլ նրանք սիրելի և հարազատ լինեն. չէ՞ որ, միևնույն է, հակառակ դեպքում կքայքայվեն նոքա՝ զազրելի ախտաբույր, այնպես որ անգամ սիրահարը կզզվի պաշտելի աճյունից: Թողնենք, ուրեմն, մի կողմ լիրիկական զեղումը, սիրելի ընթերցող, անցնենք նաիրյան այդ քաղաքի օրերին դեպքերին: Եվ թող բացվի մեր դեմ օրերի մարդկանց «վաստակոց մեծագործությանց» խորհուրդում «երկիրը հազարամյա»— հնամյա Նաիրին…»

Մեկնաբանել