Հաշվել երեք տարվա համար

Կառավարությունը ծրագրում է առաջիկա երեք տարիներին պետբյուջեի եկամուտներն ավելացնել 42,4%-ով կամ Դ422 մլրդ-ով՝ 2016թ. հասցնելով Դ1,416 տրլն-ի։ Արդյունքում պետբյուջեի եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշը 2016թ. կկազմի 23,87%՝ այս տարվա համար կանխատեսված 22,77%-ի դիմաց։ Միևնույն ժամանակ գործադիրը ծախսային մասը նախատեսում է ավելացնել Դ383 մլրդ-ով կամ 33%-ով՝ 2016թ. այն կկազմի Դ1,535 տրլն։ Բյուջեի ծախսեր/ՀՆԱ ցուցանիշը 2016թ. համար ծրագրված է 25,87%-ի մակարդակում՝ այս տարի նախատեսված 25,4%-ի համեմատ։

Ֆինանսների նախարարությունը կառավարության հուլիսի 4-ի նիստի հաստատմանը ներկայացրել է «Հայաստանի 2014-2016 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի» նախագիծը։ Համաձայն փաստաթղթի՝ բյուջեի եկամտային մասի առաջանցիկ աճի և ծախսային մասում տնտեսումների արդյունքում կառավարությունը ցանկանում է 2016թ. բյուջեի դեֆիցիտ/ՀՆԱ ցուցանիշը հասցնել 2%-ի` այս տարվա համար ծրագրված 3,1%-ի դիմաց։ 2016թ. գումարային արտահայտությամբ բյուջեի դեֆիցիտը կկազմի Դ118,7 մլրդ՝ այս տարվա համար նախանշված Դ119,7 մլրդ-ի դիմաց։

Առաջիկա երեք տարիներին կառավարությունը ոչ միայն տարեկան կտրվածքով միջինը 0,3-տոկոսային կետով նվազեցնելու է բյուջեի դեֆիցիտ/ՀՆԱ ցուցանիշը, այլև փոխելու է դեֆիցիտի ֆինանսավորման կառուցվածքը։

Այսպես, եթե այս տարի կառավարությունը ծրագրել է Դ119,7 մլրդ դեֆիցիտի 54%-ը ֆինանսավորել արտաքին աղբյուրների հաշվին, ապա 2014թ. համար ծրագրվող Դ111,54 մլրդ դեֆիցիտի ընդամենը 16%-ն է ֆինանսավորվելու արտաքին աղբյուրների հաշվին, իսկ 2016թ.՝ 36,2%-ը։ Դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների կառուցվածքի փոփոխության հարցում կառավարությանը պետք է օժանդակի 2014-ից ներդրվող կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը։

Առաջիկա երեք տարիներին կառավարությունը ծրագրել է հարկային եկամուտներն ավելացնել Դ393 մլրդ-ով, ինչի արդյունքում հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 2016թ. կկազմի 23,38%` այս տարվա համար ծրագրված 21,91%-ի դիմաց։ Ցուցանիշը տարեկան կտրվածքով բարելավվելու է 0,3-0,4-տոկոսային կետով։

Հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է լինելու առանց հարկային բեռի բարձրացման հարկային մուտքերի ավելացմանը (վարչարարության հաշվին), ծախսային մասով՝ նախորդ տարիների ծախսային գերակայությունների պահպանմանը։

Ըստ ֆինանսների նախարարության՝ 2014-2016 թթ. հարկային սահունության գործակիցը (բնութագրում է տնտեսական աճի և հարկերի միջև կապը – խմբ.) կգերազանցի 1 միավորը, ինչը ենթադրում է հարկային և մաքսային մարմինների կողմից վարչարարական միջոցառումների իրականացման անհրաժեշտություն՝ հարկային եկամուտների ծրագրային մակարդակն ապահովելու ուղղությամբ։ «Այս տեսանկյունից նշված տարիների հարկային եկամուտների գծով ծրագրված ցուցանիշները կատարման առումով պարունակում են որոշակի ռիսկ։ Մյուս կողմից` 2014-2016 թթ. հարկային եկամուտների ծրագրային մակարդակի ապահովման որոշակի ռեզերվներ է պարունակում տնտեսության զարգացման կանխատեսվող սցենարը»,– նշված է փաստաթղթում։

Գնահատելով ռիսկերը՝ ֆիննախը նշել է, որ հարկային եկամուտների հավաքագրումը կախված կլինի մի կողմից մակրոտնտեսական զարգացումների կանխատեսվող և արձանագրվելիք միտումների համապատասխանությունից, մյուս կողմից՝ դրանց հավաքագրման բնագավառում կառավարության վարչարարական միջոցառումների իրականացման արդյունավետությունից։ Տնտեսական գործոններից բացի` այս դեպքում էական դեր ունեն նաև հանրապետությունում տնտեսական միջավայրի վրա ներքին զարգացումների և արտաքին գործոնների ազդեցությունները։

Ծրագրավորելով բյուջեի եկամուտները և ծախսերը՝ կառավարությունը հիմք է ընդունել, որ առաջիկա երեք տարիներին Հայաստանի տնտեսական աճը կտատանվի 6,3%-ի շրջանակում, ինդեքս դեֆլյատորը կկազմի 104%, տարեկան գնաճը՝ 4%։ 2014-2016 թթ. իրական ՀՆԱ-ի տարեկան աճը կանխատեսվել է համապատասխանաբար՝ 6,3%, 6,3% և 6,4%, ինչին հիմնականում կնպաստի ծառայությունների և արդյունաբերության ճյուղերի աճը։

Ֆինանսների նախարարությունում գտնում են, որ կանխատեսումների ռիսկերը պայմանավորվում են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին տնտեսական գործոններով, որոնք կարող են հանգեցնել ինչպես տնտեսական աճի տեմպերի ավելացմանը, այնպես էլ նվազմանը՝ ներկայացված կենտրոնական կանխատեսումների համեմատ։

Նախարարությունը, գնահատելով արտաքին և ներքին միջավայրի հնարավոր զարգացումները, եկել է եզրակացության, որ կանխատեսվող հորիզոնում տնտեսական աճի նվազման ուղղությամբ ռիսկերը գերակշռող են լինելու և հիմնականում պայմանավորվելու են համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարներով։

Մեկնաբանել