Եգիպտոսի բանակը երաշխավորել է երկրի բնակիչների բողոքի ակցիաներ անցկացնելու իրավունքը և խոստացել ճնշումներ չգործադրել այլ քաղաքական խմբավորումների նկատմամբ: Ինչպես հաղորդում է AFP-ն, այս մասին ասված է երկրի զինված ուժերի հրամանատարության հուլիսի 5-ի հայտարարության մեջ:
Միաժամանակ զինվորականները եգիպտացիներին կոչ են արել չչարաշահել ցույցեր անցկացնելու իրենց իրավունքը` հավելելով, որ համապատասխան միջոցառումներ կձեռնարկեն միայն այն ժամանակ, երբ ակցիաների մասնակիցների գործողությունները սպառնան ազգային անվտանգությանը: Այդպիսի գործողությունների թվում զինվորականները նշել են ճանապարհների արգելափակումը, հաստատություններում և գործակալություններում աշխատանքի խախտումները:
Հուլիսի 4-ին՝ այն բանից հետո, երբ հայտարարվեց նախագահ Մուհամադ Մուրսիի պաշտոնանկ արվելու մասին, Եգիպտոսում նախագահի կողմնակկիցների և հակառակորդների միջև բախումների հետևանքով զոհվել է 30 մարդ: Հուլիսի 5-ի վաղ առավոտյան իսլամիստ գրոհայինները կրակոցներ են արձակել Սինայի թերակղզում մի շարք ռազմական անցակետերի վրա, ինչպես նաև Գազայի հատվածի հետ սահմանի վրա գտնվող ոստիկանական բաժանմունքի վրա, ինչի արդյունքում մեկ զինվոր է սպանվել, երկուսը՝ վիրավորվել:
Հիշեցնենք, որ եգիպտական բանակի հրամանատար Աբդ ալ Ֆաթահ Սիսին հուլիսի 3-ի ուշ երեկոյան Եգիպտոսի ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարեց, որ նախագահ Մուհամադ Մուրսին հեռացված է իշխանությունից։
Գեներալ Սիսին հեռուստաուղերձում նշեց քաղաքական ճգնաժամի կարգավորմանն ուղղված միջոցառումները՝ Սահմանադրության գործողությունն առկախվում է, երկրի հիմանական օրենքը կվերանայվնի հատուկ ստեղծված հանձնաժողովի կողմից, պետության ղեկավարումը ժամանակավորապես հանձնարավում է Գերագույն սահմանադրական դատարանի ղեկավարին, նշանակվելու է տեխնոկրատների ժամանակավոր կառավարություն և անցկացվելու են նախագահական վաղաժամ ընտրություններ, հակաօրինական ցանկացած գործողություն խիստ կասեցվելու է իրավապահ ուժերի կողմից, լրատվամիջոցներում կսկսի գործել սահմանափակ գրաքննություն։
Զինվորականները Եգիպտոսում քաղաքական ճգնաժամի կարգավորմանը միջամտեցին չորս օր շարունակվող զանգվածային ցույցերից հետո։
Ներկայում Մուրսին և «Մուսուլման եղբայրներ» շարժման նրա բոլոր զինակիցները կալանքի տակ են: